Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

03 մար 2023 11:50

ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ունի իր հետաքրքրությունները, իրենց համար կարևոր է նաև հայ-վրացական սահմանը

Խոսել ենք տարբեր պետությունների շահերի և հետաքրքրությունների մասին Հարավային Կովկասում. Իրան, ՌԴ, Իսրայել: Այժմ հերթը հասել է ԱՄՆ-ին: Շատ հաճախ է խոսվում տարածաշրջանում ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-ՌԴ հակասությունների և բախվող շահերի մասին: Հիրավի, ի՞նչ շահեր ունի ԱՄՆ-ն ասյտեղ, ի՞նչ հարաբերություններ ունի մեր հարևան և թշնամի պետությունների հետ: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար «Հայկական ալիք»-ը հարցազրույց է վերցրել քաղաքագետ, իրավաբան, ամերիկագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանից:


–Ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ը տարածաշրջանում, որո՞նք են նրա շահերը Հարավային Կովկասում:


Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների շահերը պետք է գլոբալ հասկանալ, որպեսզի նաև կարողանանք դա պրոյեկտել մեր տարածաշրջանի վրա: ԱՄՆ-ի հիմնական թիրախներն են Չինաստանը և Չինաստանին զսպումը, ինչպես նաև ամենատարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի ազդեցության տարածման կանխումը՝ այդ թվում նաև այն տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանը պատմական ազդեցություն է ունեցել՝ օրինակ՝ միջինասիական պետությունները, Հարավային Կովկասը և այլն: Այս առումով եթե ուսումնասիրենք ամերիկյան արտաքին քաղաքականությունը մեր տարածաշրջանում, կհասկանանք, որ նպատակը հիմնականում Ռուսաստանին հակակշռելը և Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելն է, ինչը, միանշանակ, տեղավորվում է ամերիկյան արտաքին քաղաքականության ամբողջական տրամաբանության մեջ: Բոլոր գործողությունների հիմքում դրված է Ռուսաստանին հակակշռելը կամ Ռուսաստանին բալանսավորելը: Եվ լավագույն տարբերակը ԱՄՆ-ի համար Ռուսաստանին տարածաշրջանից ընդհանրապես դուրս մղելն է և այդ բացը լրացնելը իր համար ավելի բարենպաստն երկրով կամ ռազմավարական դաշնակցով, որը մեր տարածաշրջանում Թուրքիան է:


–Վերջերս Հայաստանում էին ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության ներկայացուցիչները: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշված է, որ նրանք դիտարկել են աշխատանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու հայ-վրացական սահմանի Բագրատաշեն անցակետում, ինչպես նաև հայ-ադրբեջականական սահմանի Երասխի հատվածում։ Ի՞նչ նպատակով էին նրանք այստեղ, և կա՞ արդյոք հանգամանք, որը հրապարակայնորեն չի հայտարարվում:


Չեմ կարծում, որ կա այնպիսի մի բան, որը հրապարակայնորեն չի հայտարարվում: Եթե նույնիսկ այս հաղորդագրության մեջ չկա դրան անդրադարձ, չի նշանակում, որ ինչ-որ գաղտնի գործընթաց կա: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ հստակ է, ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է տարբեր տեսակի օգնություն՝ տեխնիկական, անվտանգային, որի մեջ նաև սահմանային անվտանգությանը վերաբերող դետալներ կարող են լինել: Սա՝ առաջին, երկրորդը, բնականաբար, ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ունի իր հետաքրքրությունները կապված մի քանի հանգամանքի հետ. այն, որ Հայաստանը և Իրանն ունեն ընդհանուր սահման, կա կոնֆլիկտ Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև իրենց համար կարևոր է հայ-վրացական սահմանը, որովհետև Վրաստանը դե-ֆակտո ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Հայաստանը դե-ֆակտո և դե-յուրե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Եվ բնական է, որ ԱՄՆ-ն այստեղ հետաքրքրություններ ունի նաև սահմանային անվտանգության առումով: Ընդհանրապես սահմանային անվտանությունն ԱՄՆ-ի համար կարևոր առաջնահերթություն է: Օրինակ՝ Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ն Ադրբեջանին օգնություն է տրամադրում: Բայց այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ Ադրբեջանի և Իրանի ծովային սահմանին: Այսինքն՝ այդ օգնությունը տրամադրվում է հենց ադրբեջանա-իրանական ծովային սահմանի անվտանգությունն ապահովելու համար: Նպատակները շատ տարբեր են, և այնպես չէ, որ միայն մեկ նպատակով ԱՄՆ-ի պաշտոնյաները կարող են գալ և ուսումնասիրել Հայաստանի սահմանները կամ սահմանային անցակետերը:


–Ի՞նչ ներգրավվածություն ունի ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ինչո՞ւմն է կայանում այդ գործընթացում ԱՄՆ-ի՝ միջնորդ դառնալու շահագարգռվածությունը: 


Գլոբալ առումով, ինչպես նշեցի, ԱՄՆ-ը մրցակցում է Ռուսաստանի հետ, և այդ մրցակցությունը երևի թե արդեն 100-ամյա պատմություն ունի: Ինչ Խորհրդային Միությունը ձևավորվել է, Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, մրցակցել է ԱՄՆ-ի հետ: Սա նորմալ աշխարհաքաղաքական գործընթաց է: Մինչդեռ գլոբալ տերությունները մրցակցում են: Հիմա ուղղակի այդ մրցակցությունը շատ ավելի տաք փուլում է գտնվում: Եթե մինչև 1990-կանների սկիզբ դա Սառը պատերազմն էր, հետո եղավ հարաբերությունների որոշակի ջերմացում, հիմա արդեն այդ հարաբերություններն այլ ուղղությամբ են գնացել, Սառը պատերազմից անցել են նաև ռազմական ներգրավվածության: Լավ օրինակ է Ուկրաինան, որտեղ երկու կողմերն էլ ներգրավված են՝ Ռուսաստանն՝ ուղղակիորեն, ԱՄՆ-ն՝ անուղղակիորեն՝ Ուկրաինային աջակցելով: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին՝ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում՝ մասնավորապես պատերազմից հետո, ԱՄՆ-ն այստեղ ակտիվացել է, որովհետև հնարավորություն է տեսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում: Եվ այս առումով, իհարկե, ԱՄՆ-ի համար սա կարևոր առաջնահերթություն է: Որտեղ որ կա կոնֆլիկտի լուծման հնարավորություն, այնտեղ բնականաբար ԱՄՆ-ը շատ ավելի ակտիվ և գործուն քայլեր է իրականացնում:


–Մի փոքր անդրադառնանք թուրք-ամերիկյան հարաբերություններին: Թուրքիան և ԱՄՆ-ը, չնայած իրենց դաշնակցային հարաբերություններին, ունեն նաև հակասություններ: Ինչպիսի՞ն են թուրք-ամերիկյան հարաբերություններն իրականում և ինչպե՞ս է դա անդրադառնում մեզ վրա:


Բնական է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան ռազմավարական դաշնակից է: Խնդրահարույց դաշնակից է, բայց, այդուհանդերձ, դաշնակից է: Ինչպես ասում են՝ ավելի լավ է վատ դաշնակից, քան լավ թշնամի: ԱՄՆ-ը տեսնում է, որ Թուրքիայի միջոցով կարելի է հակակշռել Ռուսաստանին՝ այդ թվում Հարավային Կովկասում: Իսկ Թուրքիան, լինելով խնդրահարույց դաշնակից, այդուհանդերձ իր դերն ու նշանակությունն այդ առումով իրականացնում է, որովհետև իր շահերից էլ է բխում տարածաշրջանում էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ և Ռուսաստանին հակակշիռ հանդիսանալ: Իսկ ծրագրի մաքսիմում կետը Ռուսաստանին տարածաշրջանից ընդհարապես դուրս մղելն է: Սա շահերի համընկում է նաև ռազմավարական դաշնակիցների միջև, որովհետև ԱՄՆ-ում լավ հասկանում են, որ իրենք ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում ուղղակիորեն չեն կարող: Այսինքն՝ ուղղակի ներգրավվածություն ունենալ չեն կարող, բայց ունեն ռազմավարական դաշնակից, ով դա կարող է: Եթե նայենք ռազմավարական դաշնակիցների հետ տարվող քաղաքականությունն ու հարաբերությունները, կտեսնենք, որ Իսրայելում էլ է այդպես: ԱՄՆ-ն ուղիղ ներգրավվածություն Մերձավոր Արևելքում այդքան էլ չունի: Ունի ռազմաբազաներ, սակայն ներգրավվածությունը մեծ չէ: Բայց ԱՄՆ-ի փոխարեն Իսրայելն ամերիկյան ֆինանսական և ռազմական աջակցությամբ իրականացնում է իրենց տարածաշրջանային քաղաքականությունը, որը, մեծ հաշվով, նույնական է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր