Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

21 մար 2023 16:03

Դեռ ունենք իրավիճակ, երբ մարդ վճարվում է 8-ժամյա աշխատանքային օրվա համար, բայց իրականում աշխատում է 9 ժամ

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների ծավալուն փաթեթ, որով ի թիվս այլ փոփոխությունների, օրինակ, սահմանվում է, որ քաղաքացուն հնարավոր չէ աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով:


 Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:


Կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հիմքը հանվում է Աշխատանքային օրենսգրքից: Այս պահի դրությամբ կենսաթոշակային տարիքի անձանց հետ անորոշ ժամկետով  աշխատանքային պայմանագիր հնարավոր չէ կնքել: Այդ սահմանափակումը նախագծով հանվում է:


«Հաստիքների կրճատման դեպքում նախապատվության իրավունք է տրվում որոշ խմբի անձանց  համար: Այն անձանց, որոնք ռազմական գործողությունների ընթացքում կամ հաշմանդամություն են ձեռք բերել, կամ իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրել են, համապատասխան նախապատվության իրավունք է տրվելու՝ մնալու և աշխատանքը շարունակելու»,-ներկայացրեց փոխնախարարը:


Կարգավորումներ են իրականացվել նաև հանգստի ապահովման իրավունքի առումով: Սարգսյանը նկատեց՝ օրինակ, շատ դեպքերում աշխատողները դիմում չեն ներկայացնում և երկար ժամանակ արձակուրդի չեն գնում: «Նոր կարգավորումով, եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, ապա գործատուին հնարավորություն է ընձեռնում իր հայեցողությամբ աշխատողին ուղարկել արձակուրդի: Ներկայում աշխատանքի ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում աշխատողին արձակուրդ չի տրվում: Հստակեցրել ենք, որ եթե գործատուն ու աշխատողը փոխադարձ համաձայնության են գալիս, ապա կարող է արձակուրդ ստանալ»,-ասաց Սարգսյանը:


Պատգամավոր Սոնա Ղազարյանը նկատեց՝ օրենսգրքի փոփոխությունը մի բան է, կիրառելիությունը՝ մեկ այլ: «Մենք, ցավոք սրտի, դեռ ունենք իրավիճակ, երբ մարդ վճարվում է 8-ժամյա աշխատանքային օրվա համար, բայց իրականում աշխատում է 9 ժամ»,-նշեց պատգամավորը՝ կարևորելով հետևողական լինելը, որ մշակված նախագծերը կիրառվեն:


Փոխնախարարն արձագանքեց, որ ուշադրությունն ու հետևողականությունը նաև պետք է լինի ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի կողմից: Աշխատանքային օրենսգիրքն օպտիմալ խաղի կանոններն է սահմանում: «Եթե մարդուն շատ ես աշխատեցնում, արտադրողականությունը ի վերջո սկսում է նվազել, և ռիսկերը գնալով մեծանում են: Եվ հետագայում նույն գործատուն տուժելու է նյութապես»,-նշեց Սարգսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր