Թուրքիան լավ ֆուտբոլիստներ ունի, ուժեղ կենտրոն ունեն,հենց այդ գոտուց կարելի է առավել շատ վտանգ սպասել մրցակցից.մարզական լրագրողների կարծիքները
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլում կհանդիպեն Հայաստանը և Թուրքիան։ Թե ի՞նչ հանդիպում է սպասվում և ո՞վ կհաղթի, այս հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցել է Հայաստանի տարբեր լրատվականների մարզական լրագրողների հետ։
Հանրային հեռուստաընկերության մարզական լրագրող Արմեն Գարամյանը անդրադառնալով Թուրքիայի հավաքականին նշել է, որ պատահական մրցակից չէ և, որ այս հավաքականը 2002-ի կամ 2009-ի Թուրքիան չէ։ «Շատ մրցունակ և ուժեղ մրցակից է: Լավագույն տարբերակը չէր ընտրական փուլը սկսել Թուրքիայի հետ տնային խաղով, բայց սա է իրականությունը»։ Ընդգծել է, որ մրցակիցը լավ ֆուտբոլիստներ ունի թոփ-5 առաջնություններից: «Կենտրոնական պաշտպանները խաղում են Անգլիայում, Իտալիայում ու Իսպանիայում: Ուժեղ խաղացողներ ունեն նաև Գերմանիայից ու Ֆրանսիայից, բայց գլխավոր աստղը Հենրիխ Մխիթարյանի ակումբակից Հական Չալհանօղլուն է: Ուժեղ կենտրոն ունեն ու մեր տղաները պետք է փորձեն նրանց առավելություն չտալ խաղադաշտի այդ հատվածում: Հենց այդ գոտուց կարելի է առավել շատ վտանգ սպասել մրցակցից»:
Ինչ վերաբերվում է Հայաստանի ազգային հավաքականին ասել է․ «Եթե կադրային կորուստներ չունենանք, կարող ենք ասել, որ բավականին օպտիմալ ու բալանսավորված կազմ ունենք: Հիմնական խնդիրը պաշտպանությունն է, որտեղի հնարավոր խնդիրները պետք է չիք դարձնել նաև նվիրվածության շնորհիվ: Վստահ եմ, որ նվիրվածության պակաս չի լինի: Վստահ եմ, որ տղաները «ամեն ինչ» թողնելու են խաղադաշտում՝ արդյունքի հասնելու համար»:
Ինչպես նաև կարևորել է երկրպագուների մեծ դերը այս խաղում․ «Հավատացեք՝ ունենք հաղթելու լավ շանսեր: Դրա համար պետք է ներդնել առավելագույնը, խաղադաշտում զսպվածություն, համբերատարություն և կարգապահություն դրսևորել, ինչից հետո կարող ենք ուրախանալ արդյունքով: Հավատում եմ, որ կհաղթենք: Ընդունելի արդյունք կարելի է համարել նաև ոչ-ոքին»:
Հանրային հեռուստաընկերության մարզական լրագրող Գևորգ Ղազարյանի խոսքով բարդ խաղ է սպասվում․ «Միանշանակ կոշտ պայքարի ականատես ենք լինելու: Հաշվի առնելով, որ մրցավարն իսպանացի է, հնարավոր է տեսնենք երկար դադարներ ու բազմաթիվ դեղին քարտեր: Ով կարողանա զսպել իր կրքերն ու խաղալ ֆուտբոլ նա էլ կկարողանա հաղթել խաղում: Ամեն տեսակ ելք խաղում հնարավոր եմ համարում»: Գևորգի կարծիքով խաղը կարող է ավարտվել 0։0, կարող ենք պարտվել 0:5 կամ կարող ենք հաղթել նույն հաշվով։ «Մեզ հարկավոր է կոշտ ու չոր ձեռագրով մարզիչ ու Պետրակովը հենց այդպիսին է»,-ասել է Ղազարյանը նշելով, «Թե ինչ արդյունք կարող է նա տալ՝ դժվարանում եմ ասել. կարևոր է, որ իր հենց առաջին մեկնաբանություններում նա հստակ սահմանել է, որ պաշտպանության և դարպասապահի օղակների հետ ունի լրջագույն խնդիր: Եթե խնդրի մասին գիտես ուրեմն կարևոր առաջին քայլն արել ես դրանք լուծելու ուղղությամբ»:
Oragir.news-ի մարզական լրագրող Արման Առաքելյանը ասել է, որ Հենրիխ Մխիթարյանը կզարդարեր այս հանդիպումը․ «Դժվարին հանդիպում է սպասվում: Սովորաբար, նոր գլխավոր մարզչի առաջին հանդիպումներում ֆուտբոլիստները ձգտում են անել մաքսիմումը, ինչ կարող են: Մրցակցի հանգամանքը կարևոր մոտիվացիա է հայ տղաների համար: Իհարկե, Հենրիխ Մխիթարյանը կզարդարեր նման հանդիպումը, սակայն ունենք այն, ինչ ունենք: Սա այն խաղն է, որում տղաները պետք է զգոն լինեն սկզբից մինչև վերջ: Կարծում եմ՝ առանց մարզչի խոսքերի էլ, ֆուտբոլիստները գիտակցում են հանդիպման կարևորոթյունը: Մարզչին մնում է միայն տակտիկապես գրագետ խաղ կառուցել, գտնել մրցակցի թույլ կողմերը և դիպուկ հակազդել»:
TotoSport FM-ի մարզական լրագրող Շուշանիկ Հակոբյանը վստահ է, որ տղաները լավ խաղ կցուցադրեն և կանեն ամեն հնարավորինը հաղթելու համար․ «Բարդ խաղ է սպասվում, առաջին հերթին հոգեբանական տեսանկյունից։ Ճնշումը մեծ է, բայց վստահ եմ, որ տղաները հաստատ երկրպագուներից քիչ չեն ուզում հաղթանակը, լավ խաղը և ամեն ինչ կանեն դրա համար»։ Անդրադառնալով եզրափակիչ փուլին՝ նշեց, որ վաղ է խոսել այդ մասին․ «Որովհետև թիմը նոր ձևավորված թիմ է, մարզիչը նոր։ Պետք է գոնե մի քանի խաղ սպասենք հասկանալու համար։Այն ինչ եղավ անցած մրցափուլում, երբ որ երեք հաղթանակից հետո շատ ոգևորվեցինք, արդեն մեզ պատկերացնում էինք աշխարհի առաջնությունում։ Արդյունքում տեսանք թե ինչ եղավ»։ Շուշանիկը ընդգծեց․ «Ցանկացած ելքի դեպքում մենք մեր հավաքականին սիրում ենք, մենք մեր հավաքականի կողքին ենք և ամենակարևորը չմոռանանք, որ դա ֆուտբոլային դաշտ է, ոչ թե մարտադաշտ, բայց պետք է արժանի լինել մեր եռագույնին և մեր հայրենիքին։Միայն կմաղթեմ հաղթանակ»։
Կենտրոն հեռուստաընկերության մարզական լրագրող Արամ Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանի հավաքականը ավելի բարձրակարգ թիմերի է հաղթել քան Թուրքիան․ «Հայաստանի հավաքականի համար բարդ է լինելու, ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստները բարձրակարգ ֆուտբոլիստներ են, այլ տարբեր հարցերով։ Նաև քաղաքական՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այն առումով թե ի՞նչ է զգալու հայ երկրպագուն այդ խաղի ժամանակ, ի՞նչ կարևորություն է տալու խաղին։ Թեպետ ասում են խաղը չքաղաքականացնել, սա սպորտ է։ Պարզապես մեր ֆուտբոլիստները խաղադաշտում պետք է ներդնեն այն ամենը ինչ ունեն, մի բան էլ ավելին։ Հաշվի առնելով մնացած բոլոր գործոները, սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել։ Հայաստանի հավաքականը ավելի բարդ մրցակիցների, ավելի բարձրակարգ թիմերի է հաղթել, քան Թուրքիայի հավաքականն է։ Պարզապես պետք է նաև բախտի գործոնը մեր կողմը լինի։ Բացի այդ թիմում նոր տղաներ կան, նոր շունչ, նոր մարզիչ, նոր մոտեցումներ, որոնք թերևս նաև հայտնի չեն Թուրքիայի հավաքականին և կարելի է անակնկալներ մատուցել»։