Ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն Թուրքիայում ընտրությունների նախաշեմին առաջ է անցել Էրդողանից

«Ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի» հարցին հարցվածների 34,2 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AK Parti) օգտին, 33 տոկոսն ասել է, որ կքվեարկեր խոշորագույն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (СНР) օգտին։
Պատասխանելով հարցին, թե որ թեկնածուի օգտին կքվեարկեիք նախագահական ընտրություններում, եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, հարցվածների 49,5 տոկոսը նշել է Քըլըչդարօղլուին, Էրդողանին աջակցել է հարցվածների 41,5 տոկոսը։
Ընտրությունների երկրորդ փուլ անցնելու դեպքում, հարցման տվյալներով, հարցվածների նախասիրությունները հետեւյալն են եղել՝ Քըլըչդարօղլու՝ 51,4 տոկոս, Էրդողան՝ 40,9 տոկոս: Չկողմնորոշվածները կազմում են 4,2 տոկոսը, չեն քվեարկի 3,4 տոկոսը։
Հարցումն անցկացվել է հեռախոսով 26 նահանգներում, հարցմանը մասնակցել է 2400 մարդ։
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու 74-ամյա Քըլըչդարօղլուն, ինչպես նաեւ Memleket կուսակցության առաջնորդ 58-ամյա Մուհարեմ Ինջեն եւ Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը: Ընտրությունների երկրորդ փուլը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, տեղի կունենա մայիսի 28-ին: