Գայանե Մարտիրոսյանին մեղսագրվող արարքը ծանր հանցաագործություն է համարվում, 4-8 տարի ազատազրկում է նախատեսվում
Պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում։ Ավտոմեքենայի սրահում կատարվածն առերևույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որևէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում, հետևաբար, միակ այդպիսի տեղեկություն պարունակող փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում է Աշոտ Փաշինյանի ցուցմունքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Գայանե Մարտիրոսյանի և Աշոտ Փաշինյանի առերեսման ընթացքում երկուսն էլ պնդել են իրենց ցուցմունքները։
Գայանե Մարտիրոսյանի կալանավորման միջնորդության հիմքում դրվել է փախուստի դիմելու, նոր հանցանքի կատարման և գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը։ Դատարանում միջնորդության քննության ընթացքում քննիչները հրաժարվեցին փախուստի դիմելու ռիսկից, ինչը փաստաբանի դիտարկմամբ՝ աննախադեպ ու ողջունելի երևույթ է, որ վարույթն իրականացնող մարմինն ինքը հրաժարվում է հիմքից՝ միջնորդության քննության ընթացքում։ Գայանե Մարտիրոսյանին մեղսագրվող արարքը ծանր հանցաագործություն է համարվում, 4-8 տարի ազատազրկում է նախատեսվում։
Ինչ վերաբերում է դատավոր Ժորա Չիչոյանին ինքնբացարկի հիմքերին, ապա փաստաբանը նշեց, որ այդպիսիք չկան։
«Յուրաքանչյուր դատավոր անկողմնակալ արբիտր է, բայց շատ դեպքերում տեսնում ենք, որ դատավորներն անմասն են մնում միջնորդության քննարկման ժամանակ, միայն լսում են, այս դեպքում դատարանը մանրամասն և խորությամբ հարցեր տվեց թե՛ պաշտպանական կողմին, թե՛ դատախազին, թե՛ վարույթն իրականացնող մարմնին։ Տպավորություն էր, որ մանրամսն ծանոթացել է միջնորդությանը, հիմքերին, այս պահին օբյեկտիվ միջնորդության քննություն է ընթանում»,- նշեց փաստաբանը։
Անդրադառնալով Գայանե Մարտիրոսյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնեց, որ վիճակը շարունակում է վատ մնալ։ Միջնորդության քննության ժամանակ ավելի վաղ նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնություն են կանչել։