Արդյո՞ք Զարեհ Սինանյանի դեմ քրեական գործ կհարուցվի ՀՀ պետական դրոշը անարգելու հոդվածով

Հրապարակված լուսանկարներում տեսնում ենք, որ կարմիր ժապավենի փոխարեն ՀՀ դրոշն են օգտագործել որպես ժապավեն, իսկ Սինանյանն ու մյուսները կտրատում, կտոր-կտոր են անում ՀՀ դրոշը։
Նշենք, որ ՀՀ պետական դրոշի անարգումը քրեորեն պատժելի արարք է, իսկ դրոշի բարձրացման կարգը սահմանված է «Պետական խորհրդանիշների մասին» ՀՀ օրենքով: Դիցուք՝ բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս: Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Այս իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, կարծես, ՀՀ պետական սիմվոլիկայի թիվ մեկ պաշտպանն են, սակայն գործնականում, ինչպես տեսնում ենք, իրականությունը լրիվ այլ է: Մնում է հռետորական հարց հղել՝ արդյո՞ք Զարեհ Սինանյանի դեմ քրեական գործ կհարուցվի ՀՀ պետական դրոշը անարգելու հոդվածով:
armday.am/