Արցախի շրջանները ժամեր կամ օրեր անց կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա Ստեփանակերտի հետ. ԱՀ պետնախարար

«Այսօր ընդհանուր Արցախը չի շրջափակման մեջ, հիմա Արցախը բաժանված է շրջափակված 4 կտորների՝ Մարտակերտի շրջան, Ասկերանի շրջան, Մարտունու շրջան եւ Ստեփանակերտի եւ Շուշիի շրջան: Այն խնդիրները, որ այսօր կան, այդ շրջանները նույնիսկ մայրաքաղաքի հետ կապ հաստատելու հնարավորություն չեն ունենա ընդամենը ժամեր կամ օրեր անց»,-ասաց նա:
Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով եւ հայտարարել, որ միանում է շարժմանը:
Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:
Հիշեցնենք, որ մինչ այս հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ էին, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջեցին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։ Ապա երթով հասան ռուս խաղաղապահների նստավայր: