Սա նման է գերու հարցաքննության, որին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ այդ մարդիկ իրենց կյանքը փրկելու համար ասում են այն, ինչ իրենցից ակնկալվում է
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ էր հրավիրվել՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
Հանձնաժողովի նախագահը դատական իշխանությանը հատուկ միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի անազատության մեջ գտնվող նախկին պաշտոնյան կարողանա գալ և պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին
Ըստ էության, Տոնոյանի՝ հրապարակային տված պատասխանները որևէ նորություն չէին պարունակում, այսինքն՝ շարունակում էին այն գիծն ու մտքի թելը, որն առաջ է տանում գործող իշխանությունը։
Ի՞նչ տպավորություն ունեն փորձագետները Տոնոյանի խոսքից․ MediaHub.am-ը պարզեց՝ զրուցելով ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
Վերջինիս խոսքով՝ Տոնոյանի այս հարցաքննությունը նման է գերու հարցաքննության, իսկ գերիների հարցաքննությունների ընթացքում հնչած մտքերին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։
«ԱԺ-ն արդյո՞ք ընդհանրապես իրավունք ունի հարցաքննություն վարելու բանտարկված մարդու հետ, որը, ցանկացած դեպքում, չի կարող ազատ պատասխանել հարցերին։ Սա կարող է քաղաքական գործարք լինել, կարող է և չլինել։ Բայց, ցանկացած դեպքում, սա նման է գերու հարցաքննության։ Ու գերիների հարցաքննություններին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, քանի որ այդ մարդիկ իրենց կյանքը փրկելու համար ասում են այն, ինչ իրենցից ակնկալվում է»,- նկատեց Վրթանեսյանը։
Փորձագետի դիտարկմամբ՝ տվյալ դեպքում Դավիթ Տոնոյանը պատանդ է, ըստ այդմ՝ նրա խոսքը իրավական արժեք չունի։
«Բացի այդ, կարևոր է նաև այն, որ այս հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ քննություն վարել այն հանցագործությունների մասով, որոնք գործել է հենց այն իշխանությունը, որը ներկայացված է այդ հանձնաժողովում։ Այս ամենն ընդամենը ճնշման գործիք է գեներալների դեմ։ Ու նաև գործիք է ցույց տալու, որ դե ի՞նչ կարող էր անել խեղճ Նիկոլը։ Այնպես որ ես այս պահին Դավիթ Տոնոյանի որևէ ասածին լուրջ չէի վերաբերվի։ Երբ իշխանափոխություն լինի Հայաստանում, եթե մենք ընդհանրապես կարողանանք Հայաստանը որպես պետություն պահել, այդ դեպքում հնարավոր է խոսել օբյեկտիվ քննության մասին։ Իսկ այս պահին օբյեկտիվության մասին խոսելն անիմաստ է»,- ամփոփեց խոսքը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։