Փաշինյանի հայտարարությունը, թե ՊՆ–ն ինչ ուզել է, ունեցել է, չեմ ընդունում.Իսրայելից պետական մակարդակով ՀՀ-ում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում ՊՆ–ն ինչ ուզել է, ունեցել է։ Տոնոյանն այդ մասին հայտարարեց այսօր ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում։
Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականից հետո ինքը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` «ամեն ինչ բանակի համար», բարձրացրել է զինվորականների աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի լրացուցիչ գնումներ։ Նա շեշտեց, որ բանակն իրենից ինչ ուզել է, ունեցել է։
«Ես` որպես կառավարության անդամ, ՀՀ վարչապետի առջև անիրատեսական հարցեր չեմ բարձրացրել, և իմ բարձրացրած հարցերը ստացել են հստակ պատասխաններ և լուծումներ։ Ես աշխատել եմ վստահության մթնոլորտում, բայց ես չեմ ընդունում նրա այդ հայտարարությունը։ Ես այդպես չէի ձևակերպի»,– ասաց Տոնոյանը։
Նախկին նախարարը խուսափեց պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալուց` նշելով, որ դա պետք է անի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։
«Այդ օրերին ես եղել եմ իր ենթական և, ինչպես ասեցի, շատ ճգնաժամային շրջանում մարտավարական խնդիրներ եմ լուծել ու քաղաքական հարցերից կտրված եմ եղել։ Կոռեկտ չէ որպես նախկին պաշտպանության նախարար գնահատականներ տալ»,– ասաց նա։
Նա վստահեցրեց, որ ՊՆ–ն ու ինքն անձամբ` որպես նախարար, կատարել է իր գործառույթը, իսկ վարչապետի կողմից չի ունեցել որևէ խոչընդոտ այդ գործառույթն իրականացնելու ընթացքում։
«Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ չլինի պատերազմ»,- ասաց Տոնոյանը:
***
Իսրայելից պետական մակարդակով Հայաստանում անօդաչուների գործարան կառուցելու կամ վաճառք անելու առաջարկ չի եղել։
«Որոշակի մասնավոր պայմանավորվածությունների վերաբերյալ ջանքեր գործադրվել են, բայց հաշվի առեք, որ այդ երկիրն ուներ մեծ պայմանագրեր մեր հակառակորդ երկրի հետ և որոշակի սահմանափակումներ ուներ հենց այդ երկիրը»,- ասաց Տոնոյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր կողմից հավելեց.
«Իսրայելի հետ ոչ պետական մակարդակի բոլոր խոսակցությունները, որպես կանոն, փուչ են դուրս գալիս»: