Տեսանյութ. Գյումրիում կայացավ Համահայկան 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկան 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով նախորդ բոլոր Համահայկական խաղերում ներկայացրել է պատվիրակությունների շքերթը իր ելույթում ընդգծեց, որ Համահայկական մարզական խաղերը կայացած են իսկ մասնակիցների քանակն էլ հետզհետե ավելանում է.«Այսօր 41 պետության 179 քաղաքի 7161 պատվիրակ ժամանել է Հայաստան և մասնակցելու է Համահայկական 8-րդ ամառային խաղերին»,- նշեց Գիլոյանը։
Հանդիսավոր շքերթի ընթացքում մարզադաշտ մտան Համահայկական 8-րդ ամառային խաղերի մասնակից քաղաքների պատվիրակությունները։
Շքերթին հաջորդեց Համահայկական խաղերի մարզիկի և մրցավարի երդման արարողությունը։ Մարզիկների անունից երդվեց Հովհաննես Մարգարյանը, իսկ մրցավարների անունից՝ Դրաստամատ Մուրադյանը։
Այնուհետև տեղի ունեցավ Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառելու արարողությունը, այն վստահվեց Եվրոպայի 6-ակի, աշխարհի քառակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին։
Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը իր ելույթում նշեց, որ Համահայկական խաղերն համարվում են Հայրենիք-սփյուռք կապերի ամենակայուն և գործնական առումով կայացած միջոցառումը.«Համահայկական խաղերը դարձան միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ այսօրվա և գալիք սերունդների համար»,- նշեց Զաքարյանը։
Ելույթի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.«Այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կամքը հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների։ Այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք մի պատմական շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պետք է մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»,- ասաց վարչապետը։