Տեսանյութ.ԱԱԾ-ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին

«Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։
Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի»,- այս մասին գրում է «Առավոտ»-ը։
Sputnik Արմենիային ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Սյունիք» օդանավակայանի մոտ կրակոցներ արձակելու վերաբերյալ տեղեկություն չունի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Իսկ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, ԱԾԾ հաղորդմամբ, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, ՆովԷյր ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղևորափոխադրում Երևան- Կապան-Երևան երթուղով։
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Երևան-Կապան թռիչքի մասին գրել է․ «Անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում՝ Երևան-Կապան չվերթի կազմակերպումը համարում եմ անմիտ, անպատասխանատու PR քայլ»։