Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

21 օգոս 2023 11:43

Նախարարի հրամանը՝ սեպտեմբերի 1-ի վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 27-ին հրաման է ստորագրել, որով սահմանվել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։

Նշենք, որ հրամանն ուժի մեջ է մտնում օգոստոսի 10-ին։

2023-2024 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

2023-2024 ուսումնական տարում՝

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ:

3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, լիազոր մարմնի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ՝ հաստատության հիմնավոր առաջարկությամբ: Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) նախատեսվող փոփոխություններն արձակուրդն սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ գրավոր եղանակով համաձայնեցնում է Նախարարության հետ:

Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով։

Նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Այս փոփոխությունները կարող է կատարել նաև Հաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու, ըստ հաստատության ենթակայության, լիազոր մարմնին 1-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնելու պայմանով:

Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է դաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր