Արցախում տեղի ունեցող գործընթացները նոր լիցք կարող են հաղորդել արցախյան հարցի կարգավորմանը
Արցախում տեղի ունեցող գործընթացները, կարծում եմ՝ նոր լիցք կարող են հաղորդել արցախյան հարցի կարգավորմանը: Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Անձամբ ճանաչում եմ Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին, նրա մասին ունեմ լավ կարծիք: Շատ հայրենասեր, կարգապահ, խիզախ եւ պատասխանատվությունից չխուսափող անձնավորություն է: Հուսով եմ, որ նրան հաջողվելու է այս բարդ շրջանում բեկում մտցնել այ հարցում, բոլորս պետք է կարողանանք նեցուկ լինել նրան»,-ասել է նա:
Գործիչը կարեւորել է Արցախի նոր իշխանությունների կողմից հստակ գնահատականների հնչեցումը՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Հակառակ պարագայում մեղադրում ենք բոլորին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ռուսաստանին, բացի Հայաստանի իշխանություններից:
Լրագրողի այն հարցին, թե որքանով կհաջողվի իշխանափոխություն անել նաեւ Հայաստանում, Վանեցյանն արձագանքել է՝ «Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռացումը: Այսօրվա հանրահավաքի խորհուրդն այլ է, Արցախի ձայնը լսելի դարձնելն է, որպեսզի միջազգային հանրությունը, ինչպես նաեւ Արցախի մեր հայրենակիցները տեսնեն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք անտարբեր չեն իրենց ճակատագրով»: