Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ          Կրակոցներ՝ Երևանի էլիտար շենքի բակում․ կա վիրավոր       ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է 16 թուրքական ընկերության    

26 հոկ 2023 11:09

Ալիեւը 5 պահանջ ունի Հայաստանից.Այն, ինչ Ալիեւը չի ստանում բանակցություններով, փորձում է ստանալ պատերազմով

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ պլանավորված հանդիպումը տեղի չի ունենա: Այս մասին երեկ հայտարարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում էր Երեւանում ընթացող «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին: Նա հանդիպման չեղարկումը պատճառաբանեց ժամանակի սղությամբ՝ չհստակեցնելով, թե որ երկրի ղեկավարը չի հասցրել պատրաստվել Միշելի ծրագրած հանդիպմանը՝ Փաշինյա՞նը, թե՞ Ալիեւը, ով չմասնակցեց նաեւ հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը։ 
Արդեն ժամեր անց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը ժամանակ չի գտել՝ մեկնելու Բրյուսել՝ Միշելի եւ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Փաստորեն, Ալիեւն արդեն երկրորդ անգամ է հրաժարվում մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրող Նիկոլ Փաշինյանի հետ արեւմտյան հարթակում հանդիպում ունենալուց։

ԱԺ «Հայաստան» խմբակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Ալիեւը չի գնում Բրյուսել այն նույն տրամաբանությամբ, ինչ Գրանադայի դեպքում էր։ 
«Այն, ինչ պետք էր ստանալ Արեւմուտքից՝ Արցախի հետ կապված, Ալիեւը դա ստացավ, հիմա այն, ինչ ուզում է ստանալ Սյունիքից, արեւմտյան հարթակներում դա չեն ընդունում։ Այդ իմաստով Ալիեւն այնտեղից ստանալիք չունի, այդ պատճառով չի գնացել»,- ասաց նա։ Ռուստամյանի խոսքով՝ Ալիեւն իր ուզածը ստանալու համար հենվելու է նախկին եռակողմ պայմանավորվածությունների վրա, դիցուք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ըստ պատգամավորի՝ Ալիեւը փորձում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել իր պահանջներով, որոնք 5-ն են։ «Նրա պահանջները 5 ուղղություն ունեն՝ Ադրբեջանի ցանկությամբ սահմանազատում եւ սահմանագծում, որը չի ներառում Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրը, ի դեպ, պաշտոնական Բաքուն երբեք չի ասել, որ ճանաչում է ՀՀ-ի տարածքը։ Կա, այսպես կոչված, անկլավների հարցը, որով Ադրբեջանը վերահսկողություն կստանա մեր ռազմավարական ճանապարհների վրա, դնելու է ռեպարացիայի (վնասների փոխհատուցման` Լ. Ս.) հարցը, քանի որ Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է համարում Արցախը։ Ալիեւը հայտարարելու է, որ «ագրեսոր» Հայաստանն օկուպացրել է այդ տարածքները։ Ռեպարացիան նրանք այսօր գնահատում են մոտավորապես 100 միլիարդ դոլարի կարգի, որը, բնականաբար, վերջնական թիվը չէ։ Այս ամենի հետ մեկտեղ, Հայաստան փախստականների վերադարձի հարցն է առաջ բերելու, իսկ սա ենթադրում է Հայաստանի համար լուրջ դեմոգրաֆիկ խնդիրներ։ Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ մինչեւ 1988 թվականն ապրել են ադրբեջանցիներ, Ալիեւը պահանջելու է, որ կրկին վերադառնան։ Հայաստանում գրեթե տեղ չկա, որ ադրբեջանցիներ ապրած չլինեն։ Վերջապես՝ Հայաստանից պահանջվող այն ճանապարհը, որը, ըստ Ալիեւի, չի կարող ունենալ միջպետական ճանապարհի կարգավիճակ, որն առաջարկում է հայկական կողմը»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը։ 
Հայաստանի ԱԳ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Երեւանն արդեն ստացել է «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական կողմի առաջարկները՝ չմանրամասնելով, թե ինչ են դրանք պարունակում եւ որքանով են հակասում Հայաստանի ուղարկած առաջարկներին։ 

Լրագրողները հետաքրքրվել են՝ Բաքուն չի՞ հրաժարվում արեւմտյան ձեւաչափից, քանի որ հայտարարել էր, որ պատրաստ են բանակցություններ վարել Վրաստանում։ Կոստանյանն ասել է, թե ձեւաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում․ «Կասկածելի է՝ արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացն ավարտին հասցնելով, թե՞ իրենք ընդամենը մի ձեւաչափից մյուսն են փորձում անցնել եւ այդպես կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»։

Արմեն Ռուստամյանը ենթադրում է, որ պաշտոնական Բաքուն իր առաջարկների մեջ ներառել է վերեւում թվարկված 5 կետերը։ «Մենք տեղյակ չենք այդ տեքստի բովանդակությունից, բայց որ Ադրբեջանն իր պահանջներից չի հրաժարվում, դա ակնհայտ է»։ Ալիեւը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29․800 քառակուսի կիլոմետրով,  անորոշ է մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանի ցանկությունը, մինչդեռ առավել որոշակի է նոր պատերազմի վտանգը։ Ըստ Ռուստամյանի՝ Ալիեւը հենց դրան է տանում։ «Այն, ինչ Ալիեւը չի ստանում բանակցություններով, փորձում է ստանալ պատերազմով»,-շեշտեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր