Ունեցել ենք միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի.Շատ վտանգավոր վիճակում ենք. Ավինյանը հանձնարարեց հրատապ զբաղվել մետրոպոլիտենի ֆինանսավորման նախագծով
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ դեռևս անհրաժեշտ ֆինանսավորումը չեն ստացել, նշեց` արդեն վեց-յոթ ամսից ավել է` այս խնդիրը կա:
Նա պարզաբանեց` խոսքը 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարների մասին է. մոտ 400 մլն անհրաժեշտ է անվազույգերի և 200 մլն` ռելսերի համար:
«Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են, տեղեկացրել են, որ այն հաշվարկել են 2024 թվի բյուջեում»,- ասաց Սեդրակյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, նշեց. «Ունեցել ենք միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի, աշխատեք, որ նախագիծը սեղմ ժամկետներում ընդունվի, շատ վտանգավոր վիճակում ենք, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»: