Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 նոյ 2023 14:19

Ինչ կապ կա Մեդվեդևի գրառման և «Հյուսիսային տերևաթափ» խմբավորման միջև. եթե փորձենք վերծանել և վերլուծել ԱԱԾ ձայնագրությունը, կտեսնենք, որ...

«Վերջին օրերին ես մտավախություն եմ արտահայտել, որ կարող է երկրում պլանավորվել և իրականացվել նոր «Հոկտեմբերի 27»: Շատերը քամահրանքով էին մոտենում իմ այս պնդմանը, փորձում ծաղրական մեկնաբանություններ թողնել, բայց ԱԱԾ-ի երեկվա բացահայտումը եկավ ապացուցելու, որ կյանքի իրավունք ունի իմ այս մտավախությունը»:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարությունը Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային անվտանգության ծառայության բացահայտած ահաբեկչության նախապատրաստության դեպքին, որը կազմակերպիչներն անվանել էին «Հյուսիսային տերևաթափ»:


Քաղաքագետը սա միանշանակ կապում է ՌԴ պաշտոնյա Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան հայտնի գրառման հետ. «Որովհետև այնտեղ ՀՀ բարձրագույն իշխանության ուղիղ ֆիզիկական ոչնչացման մասին էր խոսքը, և «Հյուսիսային տերևաթափ» անունն էլ իզուր չէր ընտրված»:


Ըստ Մկրտչյանի՝ եթե փորձենք վերծանել և վերլուծել ԱԱԾ ձայնագրությունը, կտեսնենք, որ ԼՂ-ից տեղափոխված մեր հայրենակիցն է թաթախված այս ահաբեկչական գործողությունների մեջ:


«Այնտեղ ասվում է, որ ունեն հովանավորներ, ֆինանսական աղբյուրներ, որ ՌԴ-ից ինչ-ինչ աղբյուրներ արդեն իսկ հավանություն են տվել սրան, հովանավորում և ֆինանսավորում են: Այո՛, ձայնագրության մեջ շատ պարզ ամեն ինչ երևում է: Արցախցիները թիրախավորվել են: Նախ՝ բուն արցախյան գոտին ամենառուսաֆիկացվածն է աշխարհում, և այդ ռուսաֆիկացված հատվածից 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ եկել են ՀՀ: Իսկ ի՞նչ են անում հյուսիսային մեր «գործընկերները», ոչ մի արտառոց բան. օգտագործում են արցախցիներին, նրանց հույզերը»,- ասում է Մկրտչյանը:
Ըստ քաղաքագետի՝ յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինել նման գործողությունների, և սա որևէ կերպ չպետք է ընկճի օրվա իշխանություններին. որևէ պարագայում նոր «Հոկտեմբերի 27»-երից վախենալ պետք չէ:


«Պետք չէ անձերի և կոնկրետ անձանց անվտանգությունն ավելի բարձր գնահատել, քան ՀՀ սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այդ իսկ պատճառով ԱԱԾ-ն, բոլոր ուժային կառույցները պետք է ուշի ուշով հետևեն ու աշխատեն, աշխատեն ու կանխարգելեն այսպիսի դեպքերը: Իսկ կլինե՞ն այսպիսի դեպքեր, թե՞ չեն լինի, միանշանակ լինելու են, որովհետև հյուսիսային մեր «գործընկերը» կարծես թե խնդիր է դրել իր առաջ՝ ՀՀ բարձրագույն իշխանությունում տերևաթափ իրականացնելու: Պետք է հիասթափեցնենք նրանց և ասենք, որ թույլ չենք տալու: Եվ բացահայտվելուն պես այս գործերը պետք է հանրային լուրջ դատերի արժանանան, հանրությունը պետք է իմանա՝ ովքե՞ր էին այս մարդիկ, ինչո՞ւ էին ընդգրկվել այդ խմբի մեջ, ո՞րն էր նրանց նպատակը, որտեղի՞ց էր ֆինանսավորվում, ո՞ր օտարերկրյա հատուկ ծառայություններն էին կառավարում»,- ասում է զրուցակիցը:


Հարցադրմանը՝ որքա՞ն հեռու կարող էին գնալ այս մարդիկ, քաղաքագետը նկատում է. «Այս մարդիկ պլանավորել էին ՀՀ-ում պայթյուններ իրականացնել, շենքեր գրավել, պաշտոնյաների սպանել: «Հոկտեմբերի 27» տեսած պետությունը, կարծում եմ, պետք է աչալուրջ լինի: Ծանր է, բայց եթե մի հասարակության մեջ կա ու ապրում է այնպիսի տականք, որը 400 դոլարի դիմաց պատրաստ է ու տվել է թշնամուն կորդինատներ, որպեսզի ռմբակոծվի կամավորների ավտոբուսը, ապա, իհարկե, կգտնվեն նմանատիպ տականքներ, որոնք ձեռք կբարձրացնեն ՀՀ պետականության վրա»:


Հարցին՝ իսկ հնարավո՞ր է՝ այս ամենում ներգրավված լինեն նաև ներքաղաքական որոշ ուժեր, Մակրտչյանը պատասխանում է. «Թույլ տվեք այս պահին ինձ վրա նման ծանր պատասխանատվություն չվերցնել՝ որևէ քաղաքական ուժի մեղադրելու, բայց պատմական ակնարկ կարող եմ անել. Նաիրի Հունանյան անունով ոճրագործը նախկին դաշնակցական էր. դաշնակցություն կուսակցության բազմաթիվ անդամներ ԱԺ իրենց տաքուկ սենյակներից բազմաթիվ անգամներ հոխորտացել են ՀՀ ներսում ուժային միջոցներով իշխանության հասնելու: Հետևությունները թողնում են ընթերցողին»:


Ըստ Մկրտչյանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է հեռու պահել քաղաքական պրոցեսներից, քանի որ նրանք կարող են զոհ դառնալ յուրաքանչյուր քաղաքական ուժի համար. քաղաքական ուժերը այս մարդկանց հույզերի վրա փորձում են կապիտալ վաստակել:


«Պետք է ամեն ինչ անենք, որ նման գործողությունները ՀՀ-ում բացառենք, սակայն լինելու պարագայում ՀՀ ինստիտուտները պետք է սկսեն աշխատել, իշխանությունը պետք է ունենա պլան Բ: Կտրականապես պետք է բացառվի ՀՀ-ում մոտակա 15-20 տարվա ընթացքում որևէ պրոռուսական, վասալային քաղաքական ուժի մուտք քաղաքական ասպարեզ՝ խորհրդարան»,- ընդգծում է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր