5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

22 նոյ 2023 10:33

Միհրան Պողոսյանին չեն ձերբակալել և, առավելևս, չեն պատրաստվում արտահանձնել

Երեկ լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, թե Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը հետախուզվում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից: 


Տեղեկատվության աղբյուրը ռուսաստանյան տելեգրամյան ալիքներն էին, համաձայն որոնց` Միհրան Պողոսյանին Մոսկվայում կանգնեցրել է պետավտոտեսուչը, ստուգել նրա փաստաթղթերը, նրա մոտ եղել է փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, որից հետո Պողոսյանին ձերբակալել են և պատրաստվում են արտահանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: 


MediaHub-ի տեղեկություններով` Պողոսյանին, իրականում, ՌԴ իրավապահ մարմինները չեն ձերբակալել և, առավելևս, չեն պատրաստվում արտահանձնել:


Մեզ ասացին, որ Պողոսյանի ավտոմեքենան կանգնեցրել է պետավտոտեսուչը ճանապարհային կանոնների խախտման հետ կապված, պահանջել են փաստաթղթերը, որը տևել է բավականին երկար, քանի որ ինչ-որ խնդիրներ են եղել փաստաթղթերի հետ կապված: Այդ ընթացքում որոշակի վիճաբանություն է տեղի ունեցել Միհրան Պողոսյանի և ՌԴ պետավտոտեսչության աշխատակիցների միջև: Սակայն նրան ոչ ոք չի ձերբակալել, անգամ արգելանքի չեն վերցրել, և որոշ ժամանակ անց բաց են թողել: 


Մեզ ասացին նաև, որ Պողոսյանի մեքենան կանգնեցնելն ու նրա մեքենան ստուգելը կապ չի ունեցել ՀՀ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման հետ: 


MediaHub-ը կապ հաստատեց Միհրան Պողոսյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը ոչ հերքեց մեր տեղեկությունը, ոչ հաստատեց, միայն ասաց. 


«Ես իր հետ կապի չեմ եղել այս օրերի ընթացքում և Ձեր նշածի հետ կապված` ձերբակալել են, թե ոչ, որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»: 


Մեր աղբյուրը, սակայն, վստահեցրեց, որ տեղեկությունը տարածվել է երեկ, սակայն միջադեպը տեղի էր ունեցել ավելի վաղ, և երբ տեղեկությունը տարածվել է, ամեն ինչ վաղուց ավարտված է եղել, նա ձերբակալված չի եղել:


Նշենք, որ Միհրան Պողոսյանը Մոսկվայում հաճախ լինում է «Արարատ Հայաթ» հյուրանոցում, և նրան այդ հյուրանոցում պատահական տեսել են նաև Հայաստանից ժամանած տարբեր հանրային դեմքեր ու պաշտոնյաներ, այդ թվում` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա հետ մեկնած ՔՊ-ականներ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր