Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

18 դեկ 2023 13:05

Տեսանյութ.Առաջին թվային ՊԷՏ ԿՏ սարքը Հայաստանում է. այն հնարավորություն կտա ուռուցքները ախտորոշել, տեղորոշել շատ ավելի վաղ շրջանում

«Դիագնոտիկա» բուժմիավորումը ձեռք է բերել Հայաստանում առաջին թվային պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆը (ՊէՏ ԿՏ)։ United Imaging Healthcare ընկերության սարքի գործարկմամբ կլինիկայում բացվեց նոր՝ Առաջադեմ բժշկական տեխնոլոգիաների կենտրոնը։ՙ
Ինչո՞վ է պայմանավորված բժշկական հանրության այսքան մեծ ուշադրությունը այս իրադարձության նկատմամբ։ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան ախտորոշման կարեւորագույն գործիքներից է։ Ժամանակակից ուռուցքաբանությունն անհնար է պատկերացնել  առանց այս հետազոտության, ասում է՝ «Դիագնոտիկա» բուժկենտրոնի ռադիոլոգ Արտուշ Խալաֆյանը։


«ՊԷՏ ԿՏ–ն շատ մեծ նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման եւ հետագա վարման, բուժման արդյունավետության գնահատման եւ բազմաթիվ այլ դեպքերում։ Այն հնարավորություն է տալիս ուռուցքային ախտահարումները  ախտորոշել, տեղորոշել շատ ավելի վաղ շրջանում՝ մինչեւ ի հայտ կգան անատոմիական ու հյուսվածքային փոփոխությունները ։ Այն նաեւ հնարավորություն է տալիս հստակ տարբերակել  մանր օջախները եւ մինչեւ 40 տոկոս դեպքերում բերում է ուռուցքային հիվանդությունների վարման փոփոխության»,– ասում է նա։


United Imaging Healthcare ընկերության ներկայացուցիչն ընդգծում է, թե որքան կարեւոր է առաջին թվային ՊԷՏ ԿՏ–ի ձեռքբերումը Հայաստանի համար եւ թվարկում դրա  առավելությունները։


«Թվային ՊԷՏ ԿՏ սարքն իրականում արմատապես տարբերվում է անալոգային սարքից, այն թույլ է տալիս ավելի արագ սկանավորել հիվանդներին, ինչի շնորհիվ պացիենտն ավելի քիչ է ճառագայթվում, հետազոտության եւ ախտորոշման ավելի բարձր որակ է ապահովվում։ Մյուս կողմից՝  նվազում են կլինիկայի ծախսերը։


Ուրախ եմ, որ Դիագնոստիկայի նման մասնավոր կենտրոններ են գործում Հայաստանում։  Սա լավ ներդրում է հանրապետության առողջապահական համակարգում։ Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության եւ United Imaging Healthcare-ի միջեւ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի»,– ասում է նա:


Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանն ասում է՝ այս հետազոտությունն անցնելու համար  Հայաստանից պացիենտներն այլեւս ստիպված չեն լինի արտերկիր գնալ։


«Մոտավորապես չորս–հինգ տարի առաջ մենք բոլոր հիվանդներին ուղարկում էինք արտերկիր՝ նման հետազոտություն անցնելու համար, որովհետեւ ուռուցքային հիվանդությունների զարգացվածության, տարածման, մետաստազների առկայության մասին այս մեթոդը շատ մեծ ինֆորմացիա է տալիս, եւ մենք հիվանդներին ստիպված էինք դուրս ուղարկել։ Այսօր, փառք Աստծո, մենք արդեն Հայաստանի Հանրապետությունում ունենք երկու նմանատիպ կենտրոն , որը թույլ կտա մեր հիվանդներին առանց խնդրի անցնել մեզ մոտ այսպիսի թանկարժեք եւ գրագետ, ինֆորմատիվ հետազոտություններ»,– ասում է նա։


«Դիագնոտիկա» բուժմիավորման սեփականատեր եւ տնօրեն Արթուր Մելքոնյանը նկատում է՝ Հայաստանում դեռ ոչ բոլորն են իրազեկված, որ ՊԷՏ ԿՏ հետազոտությունը հասանելի է նաեւ մեր երկրում. «Դեռեւս ունենք դեպքեր, որ լսում ենք, որ մեր կարիք ունեցող պացիենտները մեկնում են Վրաստան։ Վրաստանի դեմ ոչ մի բան չունենք, շատ ենք սիրում այնտեղ հանգստանալ, բայց ՊԷՏ սկան այնտեղ  անցնելու իմաստը չեմ տեսնում, հատկապես որ որակով իրենք չեն կարող առավել լինել, նույնիսկ զիջում են»։


ՊԷՏ ԿՏ–ի սարքը ձեռք բերելու համար  «Դիագնոստիկա» բուժմիավորումը մոտ 7 մլն դոլարի ներդրում է կատարել։ Բացի այդ, բժիշկները եւ տեխնիկական անձնակազմը վերապատաստվել են ԱՄՆ–ում։ Լիցենզիա են ստացել ոչ միայն Առողջապահության նախարարությունից, այլեւ Ատոմային անվտանգության կոմիտեից։ 


Առաջադեմ բժշկական տեխնոլոգիաների կենտրոնի համար ձեռք են բերվել այլ նոր սարքավորումներ՝ ԿՏ, թվային ռենտգեն, ՈՒՁՀ եւ այլն։ Վերանորոգվել է ամբողջ «Դիագնոստիկա» բուժմիավորումը, որն արդեն 30 տարուց ավելի գործում է Հայաստանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր