Ինչու հայկական կողմը պատրաստ չէ այնքան, որ զոհեր չունենանք. միջադեպեր եղել են ու լինելու են
Հայաստանի ՊՆ-ն այնքան տեղեկատվություն է տրամադրում, որքան անհրաժեշտ է ժողովրդին, որ տեղեկացված լինի, եւ այնքան, որ չխախտի մեր անվտանգային խնդիրները, մեր անվտանգային հարցերում խնդիրներ չառաջացնի: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ կոչ անելով հետեւել ՊՆ լրատվականին:
«Ես հորդորում եմ բոլոր համայնքաի ղեկավարներին, վարչական պատասխանատուներին ավելորդ տեղեկատվություն չտալ, մտքեր չտալ, խառը լուրեր չհայտնել, եւ բոլորս առաջնորդվենք ՊՆ-ի պաշտոնական տեղեկություններով: Այդքան բան»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ այսպիսի միջադեպեր եղել են եւ լինելու են, ուղղակի պետք է դրանք նվազագույնի հասցվեն. «Դրա համար մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն, ինչը եւ արվում է, եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ ռազմական դաշտում; Խնդիրն այն է, որ այսպիսի դեպքերը էսկալացիայի չվերածվեն եւ շատ արագ ավարտվեն»:
Հարցին՝ ինչու հայկական կողմը պատրաստ չէ այնքան, որ զոհեր չունենանք, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի պատրաստություն չկա, որ մարտական գործողություններ վարվեն եւ դու երաշխիք ունենաս, որ զոհեր չես ունենալու: Նման երկիր չկա աշխարհում:
Սա սադրանք էր, դեռեւս ՊՆ-ի կողմից ծառայողական քննություն, գուցե նաեւ նախաքննություն կիրականացվի, թե ինչպես առաջացավ այս սադրանքը, այս գործողություններն ինչի պատճառ էին: Սա հետագայում կպարզվի: Ադրբեջանցիները լուր են տարածել, որի կապակցությամբ, կարծում եմ՝ ծառայողական քննություն է լինելու եւ բազմակողմանի վերլուծության արդյունքում օբյեկտիվ պատկերը ի հայտ կգա»:
Դիտարկմանը, որ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այնքան էլ տրամադրված չէ կայուն խաղաղության, ՔՊ-ակն պատգամավորն ասաց. «Վերջին 30 տարում երբեւէ տեսե՞լ եք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի: Իհարկե, անելու է: Եթե քաղաքական ձեռքբերումներ լինեն՝ խաղաղության պայմանագիր կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, այո, այդ դեպքում սադրանքները կհասցվեն նվազագույնի, պետք է հասցվեն: Բայց ինչ էլ լինի, մեր ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի եւ հարձակման»: