Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, որն է տոնի խորհուրդը

Խարույկներ են վառվում նաեւ եկեղեցիների բակերում։
Եկեղեցու հայրերի մեկնաբանությամբ` խարույկները խորհրդանշում են այն կանթեղներն ու ջահերը, որոնք մարդիկ վառեցին ու շտապեցին Երուսաղեմի տաճար, երբ Մանուկ Հիսուսի տաճար մտնելիս ահավոր բարձր աղմուկով բացվեցին արեւելյան դռները, որոնք տարիներ շարունակ փակ էին։
Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում խարույկը վառեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը։
Տեառնընդառաջի տոնին ամեն տարի բազմաթիվ պսակադրություններ են լինում։ Այսօր Սուրբ Երրորդություն եկեղեցում պսակադրվելուց հետո զույգը մասնակցեց ժամերգությանը, Անդաստանին, ապա խարույկի շուրջ ժողովրդական տոնախմբությանը։
Տեր հայրը ժողովրդին Նարեկ Մատյաններ, մոմեր ու ժենգյալով հաց բաժանեց։ Ժենգյալով հացը թխել էին արցախցի կանայք։ Այս կերպ համայքն իր զորակցությունը ցույց տվեց բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Փետրվարի 14-ին՝ ժամը 10.30-ին, Երեւանի բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ։ Ավարտին կատարվելու է Նորապսակների օրհնության կարգ, քանի որ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր։