Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք

Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից:
Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման:
Զատկից առաջ՝ Բաղարջակերաց տոնին, Հիսուս առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Դա Հիսուսի Վերջին ընթրիքն էր խաչելությունից առաջ և հայտնի է Խորհրդավոր ընթրիք անունով:
Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս վերցնում է հացը, օրհնում և կիսելով տալիս աշակերտներին՝ ասելով. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Այնուհետև գինու բաժակն է տալիս՝ ասելով. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար իրենց մեղքերի թողության համար»:
Սբ. Պատարագի ժամանակ, ինչպես Խորհրդավոր ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի: Հաղորդվել նշանակում է միանալ, միավորվել Աստծո հետ: Հաղորդություն ստանալու համար պետք է անպայման մկրտված լինել, զղջալ և ապաշխարել գործած մեղքերի համար:
Ավագ Հինգշաբթի օրը առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Այնուհետև մատուցվում է Սբ. Պատարագ: