Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս. 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել:
Տղեկությունը ճշտելու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արարատ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ մշակվում է օպերատիվ պլան, որպեսզի հայտնաբերեն կասկածյալին:
Մարզի ոստիկանապետի որոշմամբ ստեղծվում է օպերատիվ խումբ և իրականացվում է օպերացիա, որը կրում է «Մոլախոտը տեղ չունի մեր կյանքում» անունը:
Պարզվում է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, և ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերում են կասկածյալին և նրան բերման ենթարկում ոստիկանության Արարատի բաժին:
Պարզվում է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:
Բարեբախտաբար երեխան չի օգտագործել այդ ամենը և նրա մայրը այն ներկայացրել է ոստիկաններին:
Պարզվել է, որ այնտեղ եղել է կանեփի բույսից պատրաստված ընդհանուր 3.9 գրամ թմրամիջոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված ստահակը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է, ով ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչաական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Արմեն Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի մեջնորդությունը. Արմեն Պ.-ն վերցվել է երկամսյա կալանքի որից հետո տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի որոշմամբ՝ մարզում ոստիկաններն անցել են դպրոցներում ուժեղացված ծառայության, որպեսզի կարողանան կանխել նման դեպքերի տարածումը։