Ուկրաինայի ԶՈՒ ինքնաթիռն առաջին անգամ թիրախ է խոցել ՌԴ-ի տարածքում. ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել
Ուկրաինական ռազմական ինքնաթիռն առաջին անգամ խոցել է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախը։ Այս մասին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական ռազմական աղբյուրին։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքերով՝ հարված է հասցվել Բելգորոդի շրջանում գտնվող «ռուսական հրամանատարական կենտրոնին»։ Թե ինչ տեսակի զինամթերք է օգտագործվել այս հարձակման ժամանակ, և արդյոք արևմտյան զե՞նք է կիրառվել, հրապարակման մեջ չի նշվում:
«Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածել են Բելգորոդում գտնվող ռուսական հրամանատարական կենտրոնին: Վնասը դեռևս գնահատվում է, սակայն ուղիղ հարվածը հաստատվել է։ Սա Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի կողմից Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախի ուղղությամբ արձակված առաջին զինամթերքն է», - մեջբերում է բրիտանական հեռուստաալիքը իր անանուն աղբյուրին։
Նախկինում ԱՄՆ-ն և Ֆրանսիան Կիևին թույլատրել էին օգտագործել այդ երկրների կողմից Ուկրաինային տրամադրված զենքերը՝ հարվածելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին, մասնավորապես՝ «չեզոքացնելու» ռուսական ռազմաբազաները, որտեղից հարձակումներ են իրականացվում Ուկրաինայի վրա։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Խարկով քաղաքի պաշտպանության համար ԱՄՆ-ի տրամադրած զենքի կիրառմանը, նշում է Sky News-ը։