Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին. Civilnet

Հունիսի 18-ին հայտարարվեց, որ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնում է Գերմանիա։ Պատվիրակության կազմում էին նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Հետագայում, սոցցանցային հրապարակումներից երևում էր, որ հայկական պատվիրակությունը գնացել էր դիտելու Եվրոյի C խմբի Ֆրանսիա-Նիդեռլանդներ հանդիպումը։ Նրանց հետ էր նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Այս պատվիրակության վերադարձից հետո Գերմանիա մեկնելու հերթը Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբինն էր։ Այս խմբում ներգրաված էին ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Հռիփսիմե Հունանյանը և Միքայել Թումասյանը։ Նրանց այցի մասին հաղորդագրություններում ու սոցցանցերում Եվրոպայի առաջնության հանդիպմանը հետևելու մասին դրվագներ չկան։ Այնուհանդերձ, այցը տարoրինակ էր, եթե հաշվի առնենք, որ Հայաստանից բարեկամական խումբը Գերմանիա էր մեկնել նաև այս տարվա մարտին, փաստացի, հաջորդ այցը հայկական կողմը կազմակերպել է մոտ երեք ամիս անց։
Ֆուտբոլային մեգամրցաշարերին որպես հանդիսատես մասնակցելու «հաջողված փորձ» ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 2022-ի աշնանն ու ձմռանը Կատարում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Սիմոնյանի պատվիրակությունը մեկնել էր այդ երկիր։ Նրա մամուլի քարտուղարն ասել էր, որ Սիմոյանը Կատարի խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել դիտելու աշխարհի առաջնության երկու խաղ: Բոլոր այս ֆուտբոլային հանդիպումներին պաշտոնյաների մասնակցությունն ու այդ օրերին ընթացող մրցաշարերը հյուրընկալող երկրներ այցելությունները, այդ այցերի ընթացքում հանդիպումների շրջանակը հարցեր են առաջացնում դրանց նպատակահարմարության ու արդյունավետության վերաբերյալ։