Տեսանյութ.Երևանում բացվել է աշխարհում ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնը
Երևանում բացվել է աշխարհում ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնը: Այն զբաղեցնում է շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածք: Ներկայացված են 100-ից ավելի իրանական ընկերությունների ապրանքատեսակներ: Սպառողներն ու գործարարներն այստեղ կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ:
Ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ, կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների և փառատոնների անցկացման համար:
Կենտրոնում ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի, գազի ոլորտում, նավթաքիմիկատներ արտադրող ընկերություններ, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի, ծխախոտի, թղթե արտադրությամբ զբաղվող ընկերություններ:
Նախագիծն իրականացվել է իրանական կողմի ֆինանսավորմամբ։
Բացման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, Իրանից և Հայաստանից գործարարներ, արդյունաբերական կենտրոնների ղեկավարներ և այլ անձինք։
«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցությունը և տնտեսական ներկայությունը Հայաստանում, այս կենտրոնի բացումը ևս մեկ կարևոր քայլ է բարեկամ երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նախարարը։
Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։