«Ֆազ»-ի սպանության գործն ուղարկվեց դատարան․ «Չաղ Ռուստամը» և մեկ մեղադրյալ կկանգնեն դատարանի առջև, ևս երկու անձ հետախուզման մեջ են          Օկուպացված Ստեփանակերտում մահացած տարեց հայ կնոջ մшրմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին       Որդուն բանակից ազատելու համար 13.000 դոլար կաշառք է փորձել տալ    

31 հոկ 2024 17:03

Կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին

Կոչ ենք անում աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքինԱմենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին:

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

««Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։

Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման։

2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից մնում է հրատապ խնդիր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։
«Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։

Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։

ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղոթքների, մասնավորաբար ասել է. «Քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից․․․Ապագան անորոշ է»։

Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստված կառաջնորդի հայ ժողովրդին, և մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղոթքներով․ «Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու աջակցության ցուցաբերումը։
«Մենք մնում ենք աղոթական համերաշխության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի էկումենիկ գործընկերների հետ»,-ասել է Դոկտոր Ջերի Պիլայը՝ վերահաստատելով իրենց կոչն ուղղված արդար և կայուն խաղաղության՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքների օրենքներին համապատասխան։

ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար»,-ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր