Միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է, hողի, անտառի զավթումը համայնքից գողություն է
Միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է, hողի զավթումը համայնքից գողություն է, անտառի զավթումը համայնքից գողություն է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք տասնամյակներով հանդուրժել ենք սա՝ համարելով, որ նորմալ է, բոլորս համարում ենք, որ ինքնակամ շինությունները նորմալ են, մենք սովորել ենք, որ սա սովորական բան է, պետք է մի հատ քոլիկ դնել ու ասել՝ էս սարն իմն է ու դա նորմալ է: Բոլորս ընկալել ենք, որ նորմալ է, օրենքներ ենք համապատասխան ընդունել, կարգավորել ենք այդ ինքնակամերի հարցը և այդպես հանդուրժել:
Հիմա կարծում եմ՝ այլևս այդ ժամանակաշրջանը անցել է, այո, կան ինքնակամեր, որոնք որ տրամաբանական են և օրենքին համապատասխան պետք է լուծումներ ստանալ, բայց այս մշակութային դեֆեկտը պիտի ավարտվի։
Անցած 2 տարվա ընթացքում քաղաքապետարանի վարած այս քաղաքականությունից դարձել է ընկալելի, որ հավելյալ տարածքներ պետք չի զավթել, ժողովուրդ ջան, հավելյալ ինքնակամեր պետք չի կառուցել, ժողովուրդ ջան, որովհետև դա զանցանք էլ չի, դա գողություն է»,- ասաց նա: