Կոչ կանեմ ՔՊ պատգամավորներին՝ ծանոթացեք Սիրունյանի բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է, մարդ, ով ատում է սեփական հայրենակիցներին, ով թշնամանք է տարածել տարիներ շարունակ
ԱԺ նիստի օրակարգում է նաև ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՔՊ-ն առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես պատգամավոր, որպես ԱԺ նախագահ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սիրունյանի բարեվարքության մասին եզրակացությանը Դուք ծանոթացե՞լ եք. այս մասին ԱԺ նիստի մեկնարկին Ալեն Սիմոնյանից հետաքրրքվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Սիմոնյանը պատասխանեց, որ այո:
Ի պատասխան Մանուկյանը նշեց․
«Ես երբ ծանոթացա, շոկի մեջ էի: Մինչ հարցի քննարկումը, կոչ կանեմ ՔՊ պատգամավորներին՝ ծանոթացեք այն բարեվարքության եզրակացությանը, որը տվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և վերանայե՛ք ձեր որոշումը:
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է, մարդ, ով ատում է սեփական հայրենակիցներին, ով թշնամանք է տարածել տարիներ շարունակ»,- ասաց Մանուկյանը:
Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ կարող են լինել մարդիկ, որոնք պատգամավորի անձնական գնահատականները չեն կիսի:
«Վստահ եմ՝ Ձեր շուրջը, Ձեր քաղաքական ճանապարհի ընթացքում նույնպես եղել են մարդիկ, որոնց մասին կարելի է նույնը կամ թերևս մի քիչ ավելին ասել, բայց դա քննարկման առարկա է: Թեկնածուն կլինի քննարկման առարկա, և դուք հնարավորություն կունենաք Ձեր կարծիքն ասել»,- ասաց ԱԺ նախագահը: