ԵԽԽՎ-ն Վրաստանին կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

ԵԽԽՎ-ն որոշել է վրացական պատվիրակության մանդատները վավերացնել մինչև 2025 թվականի ապրիլը։
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արեկ Վրաստանի իշխանություններին անհապաղ նախաձեռնել ներառական գործընթաց՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին և հասարակական գործիչներին, ներառյալ իշխող մեծամասնությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը, որպեսզի «շտապ շտկեն վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ նկատված թերություններն ու խախտումները»Թ
ԵԽԽՎ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ վերսկսելու Վրաստանի ուղին դեպի եվրաինտեգրում, նաև հարգել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին մինչև 2025 թվականի ապրիլին Վեհաժողովի նստաշրջանի սկիզբը»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս փաստաթուղթն անհեթեթ է։ «Նրանք հաստատեցին ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը, այսինքն՝ ճանաչեցին մեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները և անմիջապես հայտարարեցին, որ եթե մինչև ապրիլ Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն, իրենք կչեղարկեն մեր պատվիրակության լիազորությունները»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն ճանաչում է Վրաստանում կայացած ընտրությունները, բայց ցանկանում է նոր ընտրություններ, քանի որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» պարտվել է։
«Այս պայմաններում մեր պատվիրակությունը մտադիր չէ շարունակել աշխատանքը ԵԽԽՎ-ում։ Եթե փոխվի վերաբերմունքը վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ, մենք, իհարկե, կվերադառնանք ԵԽԽՎ։ «Այժմ այնտեղ աշխատանքը շարունակելու իմաստ չկա»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանի ղեկավարը նշել է, որ երկիրը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ ու պատրաստ է ցանկացած համագործակցության ԵԽԽՎ-ի հետ։