Մենք ազատագրական պայքարի մեջ ենք բարի պատերազմը պատերազմելու մղումով, որը հաղթանակից բացի ուրիշ վերջնարդյունք չունի

«Ես ուզում եմ հիշեցնել անցյալ տարի այս օրը. ես անձնապես այդ իրավիճակի մեջ որոշում կայացրեցի ինձ համար, որ ես պետք է դուրս գամ փողոց, հրապարակ, չեմ կարող հանդուրժել սա, այս իրականությունը, և կոչումն ունեմ Աստծուց ինձ տրված, իմ ժողովրդից տրված, այս ծառայությամբ տրված, պատվով տրված, իմ ընկերների, եղբայրների, մեր բազում նահատակների հրավերով տրված, որ պետք է դուրս գամ փողոց՝ ներդնելու ամբողջ իմ ունեցածը, ջանքերը, կյանքը, ամեն ինչ այս իրավիճակը փոխելու համար» ,-նշեց Բագրատ Սրբազանը, հավելելով , որ հաջողվեց փողոցային պայքարը.
«Եվ այո, մեզ հաջողվել է և շարունակելու է հաջողվել։ Եվ ես ուզում եմ դիմել՝ ասելով, որ ոչ մեկ չի թելադրել, ոչ մեկ չի ստիպել, ոչ մեկ չի համոզել, և ես էլ ոչ մեկին ոչ թելադրել, ոչ ստիպել, ոչ համոզել եմ որևէ կերպով, այլ դուրս եմ եկել և մինչև այսօր այդ պայքարի ճանապարհով շարունակում եմ: Մեզ տրված կոչումով, ինձ տրված կոչումով, ես կոչված եմ այս ազատագրության ճանապարհի մեջ մտնել, ի՞նչ կարգավիճակով, դա էլ նշանակություն չունի»-ասաց Գալստանյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին բազմաթիվ մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնել այս իրավիճակը փոխելու համար. «Կան այդ մարդիկ, և ես ուրախ եմ, որ կան։ Եվ մենք այո՛, առողջ վարդապետության մեր բարի պատերազմը պիտի պատերազմենք, այո՛, ստանալու համար փառքի պսակը, որովհետև ինչպես միշտ ասել եմ, դուք էլ շատ հաճախ լսել եք դա, որ ես անձնապես չեմ ցանկանում կյանքից հեռանալ նզովված, այլ ուզում եմ հեռանալ խաղաղ մտքով, երջանիկ հայացքով, Աստծո հետ հաշտ, մեր նահատակների հետ հաշտ, ինքս ինձ հետ հաշտ և օրհնված։
Այո՛, ես անընդհատ խոսելու եմ մեր նահատակների մասին, որովհետև իրենք են իմ կյանքի ուղենիշը եղել։ Եվ այո, ինչպես ասել եմ, ասում եմ, մենք ազատագրական պայքարի մեջ ենք բարի պատերազմը պատերազմելու մղումով և դա՝ հաղթանակից բացի, ուրիշ վերջնարդյունք չունի։ Աստված զորացնի մեզ, օրհնի մեր ճանապարհը և այն, ինչ որ մենք մտածում ենք մեր կյանքի, մեր հայրենիքի ու պետության մասին, հնարավորությունն ու իրավունքը տա, առաջնորդությունը տա՝ լիուլի իրագործելու, և դա լինելու է։ Ես խոստացել եմ և անելու եմ», -եզրափակեց Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը: