Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ»

Երկու ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում ներկայացրեց: Նրա հեռանալու մասին լուրերը ավելի վաղ շրջանառվում էին` մոտ մեկ տարի շարունակ։ Պատճառն, ըստ հավաստի տեղեկությունների, միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումն էր, ինչին Կիրակոսյանը դեմ էր։ Վերջինիս հետ ազատման դիմում էին գրել նաեւ աշխատակազմի որոշ աշխատակիցներ։
2 ամիս է անցել, սակայն Կիրակոսյանին փոխարինող դեռ նշանակված չէ, նրա պարտականությունները կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը` նախկին դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին։ Իրավական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ հենց Դրմեյանն էլ նշանակվելու է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ։ Դրմեյանին «Հրապարակ»-ը հարցրեց իր հնարավոր նշանակման մասին, նա չպատասխանեց՝ ուղղորդելով զանգահարել գրասենյակի մամուլի քարտուղարին։
Նկատենք, որ այս գրասենյակի հետ առնչություն ունեցողները կարծում են, որ Եղիշե Կիրակոսյանին դժվար է լինելու համարժեքորեն փոխարինելը` նա այս իշխանության հետ համագործակցող սակավաթիվ գրագետ իրավաբաններից էր, ով նաեւ, փաստորեն, պարզվեց` սկբունքներ էլ ունի: Իսկ գրասենյակի աշխատանքը շատ կարեւոր է, քանի որ ոչ միայն Ադրբեջանի դեմ արցախցիների հայցերով է այն զբաղվում, այլեւ Բաքվում գտնվող գերիների հարցերով:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։