Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Կանաչ կամ Աշխարհամատրան կիրակին, ինչ խորհուրդ ունի այն
Եկեղեցական տոնացույցում Մեծ պահքից հետո հետևում է հիսունօրյա մի շրջան, երբ քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգևոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաև «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, ինչը համապատասխանում է սպիտակ գույնին, քանի որ այն կարծես Քրիստոսի մահով և հարությամբ մաքրագործված լինի, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետև Կարմիր կիրակին, տոն երևման Սուրբ Խաչի (Կապույտ կիրակի):Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, որը Քրիստոսի Սուրբ Հարության տոնին հաջորդած երկրորդ կիրակին է։ Այն կոչվում է Աշխարհամատրան կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը:
Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և հավիտենականությունը: Կանաչ կիրակին նմանեցնում են բնության մեջ ծաղկող, ծլարձակող և աճող կյանքին, ինչը կենդանություն ու թարմություն է տալիս աշխարհին և մարդկությանը:
Աշխարհամատրան կիրակիի նպատակն է վերհիշել համաքրիստոնեական հնագույն մատուռի՝ քրիստոնեական եկեղեցու սկզբնավորությունը, որը հիմնվեց վերնատան կից, առաքյալների կողմից: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո վերնատունը դարձավ Սբ. Աստվածածնի, առաքյալների աղոթքի ու հանդիպումների մշտական հավաքատեղին, այսինքն՝ քրիստոնեական առաջին եկեղեցին:
