Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»

Հայ առաքելական եկեղեցու դեմ նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը շարունակվում է նոր «երանգներով»: Ակնհայտ է, որ նա ոչ մի «կարմիր գիծ» չունի և ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնելու: Օրերս նա հայտարարել էր, թե Սուրբ Էջմիածինը՝ Մայր Աթոռն, իր համար «Վաղարշապատ խոշորացված համայնք է», որտեղ իրավապահները հանգիստ կարող են գործողություններ անել: Ավելին, հուլիսի 8-ին հերթական գրառումն էր արել. «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»: Դա շատերի կողմից ընկալվեց միանգամայն համարժեք, այսինքն՝ որպես Մայր Աթոռի վրա հարձակվելու, ուժայիններով Մայր Աթոռը գրոհելու ուղիղ հրահանգ:
Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի առումով ամեն ինչ պարզ է, ինչպես պարզ է այն, թե նա ինչ է անում և ինչ նպատակներով: Բայց այլ բան է հետաքրքիր: Հայ առաքելական եկեղեցու վրա իշխանությունն զբաղեցնողի կողմից այս հարձակումների առնչությամբ, կարծում ենք, հասարակական և քաղաքական ուժերը կարելի է բաժանել 3 խմբի:
Առաջին խմբում այն գործիչներն ու շրջանակներն են, որոնք ի սկզբանե, այսինքն՝ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի դեմ հարձակումների առաջին իսկ պահից կանգնած են Եկեղեցու կողքին: Այս շարքում կարելի է նշել, օրինակ՝ «ՀայաՔվե» միավորմանը, որի ներկայացուցիչները Մայր Աթոռում կամովին հերթապահություն են սահմանել: «ՀայաՔվեի» ներկայացուցիչները նախօրեին նաև ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացրեցին և հանցագործության մասին ծավալուն հաղորդում հանձնեցին դատախազությանը` կապված Եկեղեցու հանդեպ իշխանության բացահայտ ապօրինի գործողությունների հետ: «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք սկսել են կազմակերպված գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ Եկեղեցին ոչ թե Եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»,– ասում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Բնականաբար, այս «խմբում» պետք է նշել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին, մի շարք այլ ուժերի ու անհատների: Կարևորը այս պարագայում այն է, որ այդ ուժերը, շրջանակները և անհատները, բարեբախտաբար, մեծամասնություն են կազմում:
Երկրորդ խումբն անմիջականորեն Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ գումարած իրենց սատելիտները: Այսինքն, այն ուժերն ու շրջանակները, որոնք ուղղակիորեն մասնակից են, ներգրավված են Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին: Հատկանշական է, որ այդ «սև գործի» մեջ ՔՊ-ի սատելիտների շարքում շատ ակտիվ, նաև ագրեսիվ են, այսպես կոչված, «արևմտամետ» դիրքավորման անձինք և կուսակցությունները:
Եվ, վերջապես, երրորդ խմբում այն շրջանակներն ու անձինք են, որոնք այս ամենի վերաբերյալ համառ լռություն են պահպանում, ոչ մի կարծիք չեն արտահայտում, ոչինչ չեն անում, որևէ կերպ չեն դրսևորվում: Ու սա առավել անհասկանալի է: Ի վերջո, հասարակական, քաղաքական, ազգային նշանակության որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, կատարվում է հարձակում ազգային, ավանդական արժեքների վրա, ինչպե՞ս կարելի է չունենալ տեսակետ: Լռությունն, ի վերջո, կարելի է ընկալել որպես համաձայնություն Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում