ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը
.jpg)
Մեկնաբանելով օրինագծին տրված դրական եզրակացությունը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Չնայած բոլոր այն կողմերին, որոնք փորձում են ջնջել Արցախը, լքել գերիներին և անտեսել մեր սրբավայրերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ երկկուսակցական հիմքով, այսօր վճռական դիրք զբաղեցրեց արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման և մեր քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության օգտին։ Մենք շարունակելու ենք պայքարել ցեղասպանության և էթնիկ զտման լեգիտիմացման ցանկացած փորձի դեմ, քանի որ դա միայն խրախուսում է նոր ցեղասպանություններ և նոր էթնիկ զտումներ»։
Կոնգրեսական Գեյբ Ամոն, ում փոփոխությունը ընդունվեց երկկուսակցական աջակցությամբ, ընդգծեց այն հրատապ խնդիրները, որոնք չեն լուծվում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագրով։ «Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ոչնչացվել։ Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում։ Եվ ավելի քան 120.000 հայ փախստականներ դեռ չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց տներն Արցախում։ Իմ փոփոխությունը կապահովի, որ մենք շարունակենք խաղաղության ճանապարհով գնալ՝ պարտավորեցնելով պետդեպարտամենտին պաշտպանել հայկական ժառանգությունն ու սրբավայրերը, ապահովել ռազմագերիների ազատումը և փախստականների անվտանգ վերադարձը իրենց տները»։ Ընդունված առաջարկությունն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։
Կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, իր հերթին նույնպես ներկայացրել էր հայանպաստ փոփոխություններ առաջարկներ, որոնցից մեկը նպատակ ուներ չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը չկիրառելու նախագահական իրավասությունը և վերականգնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կոնգրեսական արգելքը։ «907-րդ հոդվածը վարչակազմերի կողմից անընդհատ շրջանցվել է՝ անկախ Ադրբեջանի բռնապետության գործողություններից։ Ժամանակն է, որ Կոնգրեսը դա ճանաչի», – ասել է Շերմանը՝ հավելելով. «Մենք ականատես եղանք էթնիկ զտման, մշակութային ցեղասպանության և այժմ՝ եկեղեցիների ավերման, այն ժամանակ, երբ գերիները դեռ պահվում են։ Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել այս փոփոխությանը»։ Չնայած առաջարկը մերժվեց 26-24 հաշվով, այն աննախադեպ միասնական աջակցություն ստացավ հանձնաժողովի բոլոր դեմոկրատ անդամների կողմից։ Ավելին, հանրապետական կոնգրեսականներ Մայքլ Լոուլերը և Քրիս Սմիթը խախտեցին կուսակցական դիրքորոշումը և աջակցեցին փոփոխությանը։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ