ՔԿ-ն Ախտոյանի սիրային կապի մասին տեղեկատվական արտահոսքը հերքում է, պնդում է՝ եղբոր կնոջ հեռախոսը չի վերծանվել, հարցաքննություն տեղի չի ունեցել
«Փաստինֆո»-ն գրում է.Մերձավանի ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանի՝ նրա եղբոր կնոջ հետ հնարավոր անձնական կապի մասին տեղեկությունները շրջանառելուց հետո իրավապահները, մեկ օր անց որոշեցին հերքել դրանք։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մամուլում շրջանառվել են տեղեկություններ՝ Մհեր Ախտոյանի անձնական հարաբերությունների մասին, որոնց համաձայն նա ինտիմ հարաբերություններ է ունեցել իր եղբոր կնոջ հետ։ Ընդ որում՝ այս տվյալները ստացվել են ՕՀՄ-ների արդյունքում, այն է՝ «վերծանել են ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ՝ Գ. Գալստյանի հեռախոսի հաղորդագրությունները, ինչից հետո պարզվել է, որ վերջինս անձնական բնույթի հարաբերությունների մեջ է ամուսնու եղբոր՝ Մհեր Ախտոյանի հետ»։ Նշվում է, որ Ախտոյանների ընտանիքի հարսը ուսուցչուհի է եւ օրեր առաջ մերձավանցիները հավաքվել էին դպրոցի բակում` պահանջելով արգելել Գալստյանի մուտքը ուսումնական հաստատություն։
Այս տեղեկությունը եւս մեկ անգամ արժեզրկում է իրավապահների շրջանառության մեջ դրած անձնական վենդետայի վարկածը, թե Վալոդյա Գրիգորյանը սպանվել է վրեժխնդրության հողի վրա, քանզի փետրվարին սպանվել էր Ախոտյանի հորաքրոջ որդին, որի գործով տնային կալանքի տակ էր Գրիգորյանի եղբայրը (վերջինս չի մեղադրվել սպանության համար, այլ խուլիգանության- խմբ.)։ Նման այլասերված հարաբերությունների պարագայում խոսել «պատվի համար վրեժխնդրության մասին, ուղղակի ծիծաղելի է։
«Փաստինֆո»-ն փորձել էր դատախազությունից և ՔԿ-ից պարզել՝ ի վերջո ինչ կապ ունեն Ախտոյանի հնարավոր սիրային հարաբերությունները՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի հետ, առհասարակ՝ մտահոգված չեն նման արտահոսքերով, արդյո՞ք ծառայողական քննություն իրականացվում է այդ առնչությամբ։ Երեկ կառույցներից պատասխան չէր ստացվել, իսկ այսօր արդեն ՔԿ-ն հերքել է՝ պնդելով, որ քննիչը քրեական վարույթի շրջանակներում չի հարցաքննել այդ կնոջը, նրա հեռախոսը չի վերծանվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։ Ընդ որում, Գրիգորյանի անշարժացած ընկնելուց հետո մոտեցել է և ինքնաձիգի կոթով նաև հարվածներ հասցրել Գրիգորյանին, ապա նորից հեռացել դեպքի վայրից։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։ Հատկանշական է, որ ի սկզբանե պրոիշխանական քարոզչամեքենան, այդ թվում՝ իրավապահ մարմիններն առաջ մղեցին իբրև վենդետայի վարկածը և ձերբակալեցին Նարեկ Օհանյանին, որն, ըստ իրավապահների, վրեժխնդիր է եղել ամիսներ առաջ եղբոր սպանության համար, ավելի ուշ, ձերբակալվեց Գևորգ Օհանյանը, որին իրավապահները մեղադրում են սպանությունը կատարելու մեջ։ Մենք տեղեկացրել էինք, որ 20-ամյա մեղադրյալը պրոֆեսիոնալ հրաձիգ չի եղել։
Ավելին՝ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Գևորգ Հարությունյանն անգամ բանակում չի ծառայել, հետեւապես չէր կարող ծառայության ընթացքում զենքին տիրապետել սովորել։ Նրա հետ ամիսներ շարունակ աշխատանք է տարվել, կրակելու պարապունքներ անցկացվել, այսինքն՝ հատուկ վարժեցրել են Վալոդյա Գրիգորյանի սպանության համար։ Նրա թեկնածության ընտրությունն էլ, թերեւս, պատահական չի եղել։ Մեզ հաջողվեց պարզել, որ տղայի ընտանիքը հանցավոր աշխարհի հետ չունի ոչ մի առնչություն, եղել է մոր խնամքին, որին էլ հավաքագրել են իրենց հանցավոր խմբի մեջ ու հենց նրա ձեռքերով իրականացրել կեղտոտ գործը։
Սպանության շահառուների շրջանակը շատ ավելի մեծ է, քան՝ պարզապես Հարությունյանը և Նարեկ Օհանյանը, որի եղբայրը սպանվել էր ամիսներ առաջ, սակայն հերթական անգամ փորձ է արվում ծածկադմփոց անել ու որոշ մարդկանց անունը մաքրել, հանել հանցավոր շղթայից։
