Փողը տվել են «հարց լուծողին» ու չեն ծառայել, կարող էին այդ գումարը տալ պետությանը և 1 ամիս ծառայել
Միայն 2019-2023թթ. ընթացքում 3,774 քրեական գործ է կարճվել ոչ արդարացնող հիմքով՝ փաստաբաններով, բժիշկներով, այլ միջոցներով: Այս մարդիկ չեն ծառայել ու չեն դատապարտվել: Ինձ ասում էին՝ փող ենք տվել մեկին, մեր հարցը լուծել է: Ես՝ որպես օրենսդիր, տարակուսում եմ, որովհետև իրենք պետք է այդ գումարը՝ 10 մլն դրամը, բերեին տային պետությանը և 1 ամիս ծառայեին, իսկ այս դեպքում տվել են «հարց լուծողին» ու չեն ծառայել: Այս մասին ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:«Ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք, որ միայն օրենքով սահմանված կարգով չեն անձինք հրաժարվել ծառայությունից: 2019 թվականին ես ուսումնասիրում էի ու ելույթներով հանդես էի գալիս, որ նման նախագիծ եմ շրջանառել՝ ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ, ինձ հետ տասնյակ քաղաքացիներ էին կապի դուրս գալիս, ովքեր ցանկություն էին հայտնում օգտվել այդ օրենքից: Սրանով է պայմանավորված, որ գումարը պետք է լինի համաչափ, այնպիսի գումար լինի, որ իրատեսական լինի պետությանը տալը»,- նշել է նա:
