Ինչ դեր են ունեցել երազները աշխարհահռչակ մարդկանց կյանքում

Որոշ վիճակագրական տվյալներ վկայում
են, որ երազներում գերակշռում են բացասական, տհաճ հույզերը: Որոշ հեղինակներ կարևորում
են երազի վերլուծության իմացական նշանակությունը. նրանում արտահայտվում են երազ տեսնողի
այնպիսի հոգեկան գծեր ու ցանկություններ, որոնք կամ չեն գիտակցվում նրա կողմից, կամ
եթե անգամ գիտակցվում են, խնամքով թաքցվում են ուրիշներից: Հետաքրքրական է նաև Ա.Շոպենհաուերի այն միտքը, որ
յուրաքանչյուր մարդ իր երազներում գործում է իր բնավորությանը լիովին համապատասխան:
Անշուշտ, մեծ հետաքրքրություն է ներկայացնում
կանանց և տղամարդկանց երազների տարբերությունների պարզաբանումը: Ըստ Կ.Հոլլի, տղամարդիկ
իրենց երազներում ավելի հաճախ տղամարդկանց են տեսնում, քան կանանց, իսկ կանայք հավասարապես
են տեսնում և տղամարդկանց, և կանանց: Կանայք երազներում մոտ երկու անգամ ավելի շատ
են երեխաներ տեսնում, քան տղամարդիկ: Նաև այն, որ կանանց երազներում հաճախ կրկնվող
թեմաներից են ամուսնության, խանդի, ընկերուհիների հետ ունեցած հարաբերությունների թեմաները:
Բազմաթիվ գրողներ տվյալներ են թողել այն մասին, որ իրենց ստեղծագործական
պրոցեսում ժամանակ առ ժամանակ որոշակի դեր են խաղացել երազները: Օրինակ, Ա.Պուշկինն
իր ստեղծագործությունների մի շարք հատվածներ ստեղծել է երազներում: "Բանաստեղծությունները Պուշկինի առջև հայտնվում
էին երազային անուրջների նման և նա գիշերները հաճախ վեր էր թռչում անկողնուց և մթության
մեջ գրի էր առնում դրանք”, - գրել է բժիշկ Ս.Յուգեֆովիչը: Նկարիչ Գոյան, ըստ նրա կենսագիրների,
իր շատ մտահաղացումներ և ապագա գործերի պատկերներ ստացել է երազներում: Եվ կարելի է
այսպես շարունակ նշել մի շարք աշխարհահռչակ մարդկանց անուններ, ինչն էլ վկայում է այն
մասին, որ գեղարվեստական ստեղծագործության տարբեր ձևերն ու դրանց հոգեբանական մեխանիզմները
խորապես կապված են երազների հետ:
Այսպիսով, քնած ժամանակ
հոգեկան կյանքը շարունակվում է և պակաս կարևոր չէ, քան արթնությունը:
Հ.Գ.Թ. Սոնա Հարությունյան
Hayacq.com