17:04 - Տեսանյութ. ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին         16:40 - ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել      16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան    

02 օգոս 2017 15:41

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի 40-42°C. Ինչ անել շոգի դեմ պայքարելու համար, ինչպես փրկել այգիները. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը և Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը խոսեցին առաջիկա օրերի և օգոստոս ամսվա եղանակային պայմանների, հանրապետության տարածքին մոտեցող հզոր ջերմային ալիքի, հողօգտագործողների կողմից անհրաժեշտ ձեռնարկվելիք միջոցների մասին:

Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ, առաջիկա օրերին հանրապետության տարածք է մուտք գործելու իրաքյան ջերմային ցիկլոնը, որի հետևանքով սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, տաք օդային ցիկլոնը ավելի շատ կազդի Արարատյան դաշտի և Սյունիքի հովտային գոտիների վրա. «Ներկայումս Իրաքում գտնվող ջերմային ցիկլոնը, վաղվանից սկսած բարձրանալու է Կովկաս, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:  Օգոստոսի 3-7-ը գտնվելու ենք տաք ցիկլոնի ազդեցության ներքո: Տաք օդի ներհոսքը սկսվելու է հարավ-արևմուտքից և ազդելու է Արարատյան դաշտի, Սյունիքի հովտային գոտիների վրա: Եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի  գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից ամեն օր մեկ աստիճանով կբարձրանա, պիկերը կգրանցվեն օգոստոսի 6-ին և 7-ին: Սյունիքի նախալեռներում մինչև 36 աստիճան տաքություն է սպասվում, իսկ Արցախում կհասնի մինչև 38 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36 աստիճանի: Տավուշի հովտային գոտիներում կգրանցվի 39 աստիճան տաքություն: Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում  ջերմաստիճանը կհասնի 38-40-ի: Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 6-ին և 7-ին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի և ցածրադիր վայրերում չի բացառվում, որ լինի 42 աստիճան: Սյունիքի հովիտներում, մասնավորապես՝ Մեղրիում, Ագարակում նույնպես կլինի 41 աստիճան»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը նաև նկատեց, որ արաբական անապատներից եկող տաք ցիկլոնը իր հետ բերելու է արևադարձային չոր անապատային օդ. «Օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցենտրացիան, հորիզոնական տեսանելիությունը կնվազի և մեր շրջակայքում լեռները պրակտիկորեն չեն երևա, օդի հարաբերական խոնավությունը խիստ կնվազի՝ 7-9 տոկոսով: Եթե ամռան ամիսների միջին հարաբերական խոնավությունը Արարատյան դաշտում սովորաբար կազմում է 40 տոկոս, ապա չի բացառվում, որ այդ օրերին խոնավությունը հանրապետությունում իջնի 7-9 տոկոսի»,- ասաց բանախոսը, նշելով, որ ողջ ամսվա ընթացքում սպասվում է տաք օդի անոմալիա՝ ջերմային ֆոնը ողջ ամսվա ընթացքում շարունակելու է ակտիվ լինել:

Գագիկ Սուրենյանը ազգաբնակչությանը նաև խորհուրդ տվեց ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, իսկ արևի ուղիղ ճառագայթների տակ աշխատելը կարող է բերել արևահարության: Նա հորդորեց օգտագործել շատ հեղուկներ, զանգվածային միջոցառումների ժամանակ խուսափեք արևի տակ երկար մնալուց, ինչպես նաև ոչ մի դեպքում չօգտագործել ալկոհոլային խմիչքներ:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն  էլ նշեց, որ բարձր ջերմաստճանը չնայած շատ վտանգավոր է, բայց հուսադրող է այն, որ գիշերային ժամերին այն չի գերազանցի 26 աստիճանը, որը ըստ նրա, կրիտիկական չէ. «Մեր խորհուրդն է հողօգտագործողներին, որ հիմնականում բուժման աշխատանքները այգիներում կատարեն վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան: Ցերեկային ժամերին այս գործողությունների էֆեկտիվությունը շատ նվազ կլինի բարձր ջերմաստիճանի պատճառով: Բերքը պետք է պահել ստվերում կամ նկուղներում: Ոռոգման աշխատանքները որպեսզի արդյունավետ լինեն պետք է կազմակերպել երեկոյան ժամերին, իսկ եթե ջուրը առավոտից բացել եք, ապա ավելի ճիշտ կլինի այն թողնել ողջ օրը՝ չնդատել նույնիսկ ցերեկվա ժամերին»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր