Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից: Նա այսօր հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։«Չեմ վերցնի մանդատը ու չեմ գա Ազգային ժողով՝ որպես պատգամավոր աշխատելու։ Նախևառաջ ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ, միաժամանակ, նեղսրտած չէ վարչության և կուսակցության որոշումից։ Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց վստահեցնում է, որ քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն ՔՊ-ի և Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։
«Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո։ Ես շարունակելու եմ ակտիվ քաղաքական գործիչ լինել, ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին հաստատեց ոչ թե նրա, այլ ԱԺ-ի ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
