Հազվադեպից, ամենամասսայական հիվանդությունը 200 տարում. Հարցազրույց ալերգիոլոգ Սևան Իրիցյանի հետ
Ալերգիաների,
դրանց առաջացման պատճառների, պայքարի միջոցների
շուրջ Hayacq.com-ը զրուցեց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային
պահպանման կենտրոնի ալերգիոլոգ Սևան Իրիցյանի հետ:
-Ի՞նչ է ալերգիան, այն հիվանդություն
կարո՞ղ ենք համարել:
-Այո, անշուշտ ալերգիաները հիվանդություններ
են, որոնց կարելի է բնորոշել որպես օրգանիզմի գերզգայուն պատասխան, ի պատասխան որոշ նյութերի հետ
կոնտակտի: Այստեղ կարիք կա նշելու, որ ընդամենը 200 տարվա մեջ հազվադեպ հանդիպող խնդիրը`
ալերգիան, դարձավ մոլորակի բնակչույթան 25 տոկոսին ախտահարող խնդիր: Հիմնականում ազդելով
կյանքի որակի վրա, այն կարող է նաև կյանքին սպառնացող լինել, իսկ որոշ այլ հիվանդությունների
հետ համատեղվելով բերել լուրջ բարդությունների:
-Ինչը՞ կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ:
-Ինչպես նշվեց, խնդիրն առաջանում է որոշ սովորաբար անվնաս նյութերի հետ կոնտակտից հետո,
այդ նյութերը կոչվում են ալերգեններ: Իմունոլոգիայի լեզվով ասած, դրանք հակածինային
հատկություններով օժտված նյութեր են, որոնք կարող են իմունային համակարգի «ուշադրությունը»
գրավել և բերել ոչ ադեկվատ պատասխանի: Ալերգենների տարբեր դասակարգումներ կան, բայց
դրանք սովորաբար հանդիսանում են որոշ բույսերի ծաղկափոշիները, տնային կենդանիների էպիդերմիսի
մնացորդները, մաշկային գեղձերի արգասիքները, սնունդը, դեղորայքը, թաղանթաթևավորների
խայթի բաղադրամասերը, տնային փոշու մեջ բնակվող տզերը և այլն:
-Իսկ ժառանգականությունը ի՞նչ դեր ունի:
-Ներկայումս հայտնի են բազմաթիվ գեներ, որոնց առկայության
դեպքում ալերգիայի առաջացման հավանականությունը մեծանում է: Ինչպես նաև վաղուց հայտնի
է, որ եթե ծնողները ալերգիկ են, ապա երեխայի ալերգիկ լինելու հավանկանությունն ավելի
մեծ է: Սակայն, ամեն ինչ բացատրել միայն գենետիկայով անհնար է: Շատ կարևոր են շրջակա
միջավայրի հետ փոխազդեցությունը, կենսակերպը, սննդակարգը և էլի շատ գործոններ: Ընդհանրացնելով
կարող ենք ասել, որ գենետիկան շատ կարևոր է, բայց պարտադիր չէ ալերգիայի զարգացման
համար: Ինչպես նաև, կուզենայի շեշտել, որ ալերգիան վարակիչ չէ, քանի որ այս մասին հաճախ
են հարցնում պացիենտները:
-Որո՞նք
են ալեգիայի հիմնական ախտանիշները, ինչպե՞ս կարող է մարդը դա զգալ:
-Ախտանիշները
տարբեր են տարբեր ալերգոլոգիական խնդիրների ժամանակ: Սննդային ալերգիաները կարող են
դրսևորվել փորացավերով, եղնջացանով, մարսողության խանգարումներով, երեխաների մոտ խզզոցներով
և նույնիսկ կյանքին սպառնցող ռեակցիաներով` անաֆիլաքսիաներ: Շնչական ալերգեններն առաջացնում
են հիմնականում շնչական խնդիրներ` փռշտոց, քոր շնչուղիներում, աչքերում, քթահոսություն,
հազ, դժվարաշնչություն: Սակայն կարիք կա նշելու, որ ամեն մաշկային ցան չէ, որ ալերգիայի
դրսևորում է: Ինչը հավասարապես կարելի է պնդել մնացածի համար ևս:
-Հիմնականում
ալեգիան պայմանավորում են արևով: Ինչու՞:
-Արևի
դերը գերագնահատելն առասպել է, որի առաջացման պատճառը արևոտ եղանակին ծաղկափոշիների
ավելի ակտիվ տարածումն է, իսկ մաշկային դրսևորումների դեպքում ոչ ալերգիկ մաշկային
խնդիրների սխալ մեկնաբանությունը: Սա կարելի է անվանել տիպիկ մտածողության սխալ, երբ
իրար հաջորդող գործողություններին վերագրում են պատճառահետևանքային կապ` օրինակ, եթե
աքաղաղը կանչում է արևածագից առաջ, ապա դա չի նշանակում, որ աքաղաղի կանչն էր արևի
դուրս գալու պատճառը:
-Ի՞նչ
տեսակի ալերգիաներ են լինում:
-Ինչպես
նշեցինք հիմանական խմբերն են սննդային, շնչառական` ալերգիկ քթաբորբերն ու ասթման, ալերգիկ
եղնջացանը, ալերգիկ մաշկաբորբերը, դեղորայքային ալերգիաները, միջատների խայթոցների
ալերգիաները:
-Ինքնաբուժությունն
ալերգիայի դեպքում ինչի՞ կարող է հանգեցնել:
-Սովորաբար
ոչ լավ բանի: Միշտ կորսվում է այն ժամանակը, երբ գրագետ բուժման դեպքում արդյունքն
ավելի ակնառու է լինում, ինչպես նաև հաճախ հանդիպում է դեղորայքային չարաշահումներ,
որոնք մեծ խնդիր են դառնում բժշկի համար: Օրինակ անոթասեղմիչների խրոնիկ օգտագործումը
քթաբորբերի ժամանակ, որը սովորաբար բերում է կախվածության և շատ դեպքերում պահանջում
վիրաբուժական միջամտություն: Քիչ չեն նաև դեպքերը, երբ ինքնաբուժությունը հանգեցնում
է նոր ալերգիաների, քանի որ հաճախ օգտագործվում են բուսական ծագման սուբստանցիաներ:
Ինչպես նաև, հատուկ կուզենայի ընդգծել հորմոնների չարաշահման մասին, ոչ մի դեպքում,
չի կարելի ալերգիկ բուժումը սկսել հորմոններով՝
այն էլ ոչ բժշկի հսկողությամբ:
-Ճի՞շտ
է այն պնդումը, որ ալերգիան չի բուժվում:
-Այստեղ
շատ կարևոր է հասկանալ ինչ ինկատի ունենք բուժում
ասելով: Հաճախ բուժում ասելով ինկատի ունենք մեկ հաբով խնդրի լիարժեք վերացում, մոռանալով
որ սա կարող է խրոնիկ խնդիր լինել և կարիք ունենա ախտանիշային բուժման՝ այնքան ժամանակ
քանի կան ախտանիշերը: Սակայն պետք է հավելեմ, որ այնուամենայնիվ որոշ խնդիրների ժամանակ
կան վերջնական բուժում, երբ կարողանում ենք կարգավորել իմուն պատասխանը: Սա կոչվում
է ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա կամ երբեմն անվանում են ալերգովակցինացիա: Ցուցված
է ալերգիկ քթաբորբերի և ասթմայի ժամանակ: Երկարատև բուժում է, սակայն դեպքերի ճնշող
մեծամասնության դեպքում բերում է հստակ լավացման:
-Որո՞նք են ալերգիայի դեմ պայքարի ձևերը, միջոցները:
-Ալերգիաների դեմ պայքարի համար մեկ միջոցը միշտ եղել
և կմնա պատճառավոր ալերգենի հետ կոնտակտից խուսափելը:
Հարցազրույցը՝
Իրինա Սարգսյանի