Ձմեռ Պապին նամակ գրելը օգնո՞ւմ է գնալ դեպի երազանքների իրականացում. Հարցազրույց Սոնա Հարությունյանի հետ
Ամանորի նշանակության, առանձնահատկությունների և հոգեբանական գործոնների շուրջ Hayacq.com-ը զրուցեց Սթրեսի և Ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Ի՞նչ
դեր և հոգեբանական առանձնահատկություն ունի Ամանորը
յուրաքանչյուր մարդու կյանքում:
-Ամանորը
տարբերվում է մյուս բոլոր տոներից. համընդհանուր հեքիաթային մթնոլորտ է սփռում և հրաշքի
ակնկալիք: Ամանորն ասոցիացվում է նորի սպասումի, հրաշքի, նաև մանկության տարիների տպավորությունների
և հիշողությունների հետ: Յուրաքանչյուր մարդու
կյանքում այն նաև պատասխանատու ժամանակաշրջան է, քանի որ ամփոփում է նախորդ տարին և առաջնորդում դեպի նոր
տարի:
-Ինչպե՞ս անել, որ տոնը դրական լիցքեր հաղորդի:
Ո՞րն է Նոր տարին դիմավորելու «առողջ բանաձևը»:
-Նոր
տարին դիմավորելու համար կարևոր նախապայման է լավ տրամադրությունը: Դիմավորեք Ամանորն
այնտեղ, որտեղ ցանկանում եք, և այն մարդկանց հետ, ում համակրում եք: Գլխավորը` լինեք
սիրելի և հարազատ մարդկանցով շրջապատված: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ Ամանորը նախատեսված է ուրախանալու, ընտանեկան ջերմ մթնոլորտն
ամրապնդելու, միասնականության և երջանկության զգացում ունենալու համար:
-Տարածված այն եզրույթը, որ ինչպես դիմավորես Նոր
տարին, այնպես էլ կանցնի ողջ տարին՝ սնոտիապաշտությո՞ւն է, թե՞ կա հոգեբանական գործոնը:
-Հոգեբանական
տեսանկունից մեր կյանքը մեր համոզմունքների արտացոլումն է: Ցանկալի է, հնարավորինս
դրական մտածել, քանի որ դրական մտքերը նպաստում են դրական հույզերի առաջացմանը և ներդաշնակ
դարձնում հարաբերություններն ու կյանքը:
-Որո՞նք են նախատոնական և հետտոնական սթրեսների
պատճառները:
-Սթրեսների պատճառները տարբեր են, օրինակ այն, որ տոների ռիթմը տարբերվում է առօրյա կյանքից (օրինակ, փոխվում է սնվելու, քնելու,
հանգստի ժամանակացույցը), և բնական է, որ տոներից հետո օրգանիզմին անհրաժեշտ է ադապտացիա:
Հետտոնական սթրեսի պատճառ կարող են լինել նաև
չարդարացված սպասելիքները, չէ՞ որ նախատոնական փուլում որոշակի ակնկալիքներ
կան Ամանորից:
-Ինչպե՞ս խուսափել:
-Ավելորդ սթրեսից
զերծ մնալու համար ցանկալի է, որ սպասելիքները մոտ լինեն իրականությանն ու սեփական
հնարավորություններին, նաև անհրաժեշտ է նախատոնական փուլում պլանավորել ժամանակը: Իհարկե ցանկալի է և անհրաժեշտ, վերհիշել
տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, հաջողությունները, և պլանավորել հաջորդ տարին:
-Ձմեռ Պապին նամակ գրելը արդյո՞ք օգնում է գնալ
դեպի երազանքների իրականացում:
-Գիտեք,
նամակ գրելով նախ հասկանում ենք ինչն է տվյալ մարդու կամ երեխայի համար առավել էական,
կարևոր, մյուս կողմից` հոգեբանական տեսանկյունից ևս մեկ անգամ հաստատում ենք, որ եթե
մեր երազանքը կոնկրետ ձևակերպում է ստանում, պլանավորվում, ապա իրականանալու հավանականությունը
մեծանում է:
-Պե՞տք է հավատալ հրաշքներին:
-Երբ
մոտենում է Ամանորը, անկախ տարիքից, մարդիկ ունենում են նորի սպասում, հրաշքի ակնկալում: Հրաշքներին պետք է հավատալ, որպեսզի իրականանան:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
Հուսով
եմ, որ 2018թ–ը կպարգևի խաղաղություն և հավատարմություն, բարի և ուրախ մթնոլորտ մեր երկրին: Շնորհավոր Ամանոր: