Ծառայողական առանձնատուն, ամառանոց, ավտոտանսպոտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ վարչապետի համար

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:
Ըստ նախագծի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը, որի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, և որը չի կարող գերազանցել 180-ը:
Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:
Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`նստավայր, որը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում:
Բացի այդ, նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք):
Բացի այդ, նախագահին տրամադրվում է նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք:
Նախագահն ունենում է նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ և անձնական բժիշկ:
Պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ, որի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից:
Պաշտոնաթող նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:Օրինագիծը նախատեսում է, որ ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը:
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով: Այդ ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:
Բացի այդ, ՀՀ վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1. Նստավայր Երեւանում (հասցեն՝ Բաղրամյան 26).
2. Ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).
3. Պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի
4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).
4. Հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.
5. հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ:
Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից:
Նախագիծն ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Նախագիծն ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: