Ուղևորը տաքսու վարորդին սուրճ է հյուրասիրել, ինչից հետո վարորդը գիտակցությունը կորցրել է
Օրեր առաջ տարօրինակ և արտառոց դեպք է գրանցվել մի տաքսու վարորդի հետ: 43-ամյա տղամարդը, ով, ըստ իր հայտարարության, 2 քաղաքացիների Մարտունի պետք է տեղափոխեր, ճանապարհին գիտակցությունը կորցրել է, իսկ երբ արթնացել է, ուղևորները ավտոմեքենայում չեն եղել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Մարտունի ուղևորվելու ճանապարհին ուղևորները վարորդին խնդրել են «Գայի-Մարկետ» կոչվող խանութի մոտ կանգ առնել, ապա ուղևորներից մեկը վարորդին սուրճ է հյուրասիրել: Սուրճը խմել են, ճանապարհը շարունակել, սակայն «Չայնի» ոլորանների հատվածում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ավտոմեքենան կանգնեցրել է, ինչից հետո գիտակցությունը կորցրել է:
Տղամարդու հայտարարության համաձայն՝ արթնանալուց հետո ուղևորներն իր ավտոմեքենայում չեն եղել, և մեքենայից էլ բացակայել է իր բջջային հեռախոսը և մոտ 20 000 դրամ:
Տեղի ունեցածից հետո տղամարդուն շտապ օգնության ավտոմեքենայով հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ ախտորոշվել է՝ «թունավորում՝ անհայտ էթոլոգիայի»:
Թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում, արդյո՞ք նրա սուրճի մեջ ինչ-որ նյութ է լցված եղել և թունավորման պատճառը դա է, կպարզվի քննությամբ:
Այս պահին նյութեր են նախապատրաստվում: