«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 փետ 2018 10:15

Խորհրդակցություն նախագահականում. Սերժ Սարգսյանն ինտրիգը խորացրել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում փետրվարի 27-ին խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական իրավիճակի թեմայով, որը կարելի է ասել՝ եղել է աննախադեպ ֆորմատով: Բանն այն է, որ այդ խորհրդակցությանը մասնակցել են ոչ միայն կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, այլ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանն առաջին անգամը չէ, որ նախագահականում մասնակցում է խորհրդակցությունների, սակայն առաջին անգամն է, որ նա մասնակցում է սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական աճի, հեռանկարների թեմայով խորհրդակցության:
Ընդ որում, դրա բովանդակությունը Կարեն Կարապետյանի համար հնարավոր է համարել դրական: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տնտեսական աճը կկազմի գրեթե 8 տոկոս: Դա հայտնի 7 տոկոսից բարձր շեմ է, առավել եւս, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ հրաժարվել էր «պլան դնել» ներկայիս կառավարության վրա: Բայց նա արձանագրում է նաեւ, որ կառավարությունը կրկնակի գերակատարել է հենց իր սահմանած պլանները:

Այս ամենը, անշուշտ, իր մեջ ինտրիգ է պարունակում 2018-ի վարչապետի թեմայով: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը բավականին խորացնում է այդ ինտրիգը:
Բանն այն է, որ դրական գնահատականներին եւ պլանի գերակատարման արձանագրությանը զուգահեռ, Սերժ Սարգսյանն անում է նաեւ երկիմաստ հայտարարություններ: Մասնավորապես, նա խոսում է այն մասին, որ աճի ցուցանիշները դեռ պետք է համադրվեն, եւ վերջնական գնահատականը կտան այդ ժամանակ:

«Ակնհայտ է, երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Այլ կերպ ասած՝ նա բաց է թողնում մանեւրի ճանապարհը եւ հետաքրքիր է, թե ինչ ճշգրտումներ կլինեն, եւ արդյոք դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ վարչապետի թեկնածության հարցում: Ի վերջո ակնհայտ է, որ կա լուրջ խնդիր՝ եթե չեն լինում ֆորս-մաժորներ, ապա ինչպե՞ս հիմնավորել պլան գերակատարող վարչապետին այդ պաշտոնում դարձյալ չառաջադրելու որոշումը:

Եվ այդ իմաստով ուշագրավ են խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի մյուս մեսիջները, մասնավորապես աճի ներառականության մասով, ինչպես նաեւ մեկ տարվա աճի անբավարար լինելու մասով: Մյուս կողմից, սակայն, եթե մեկ տարի աշխատող վարչապետը կարող է աճ ապահովել մեկ տարում, երկու-երեք տարի ապահովելու համար պետք է աշխատել այդքան:

Կտա՞ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին այդ հնարավորությունը: Դրան այսօր հավատում կամ հավանական համարում են շատ քչերը: Մեծացրե՞ց դրա հավանականությունը Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցությունը, թե՞ ոչ:
Սա մի հարց է, որի պատասխանը ամենեւին միարժեք չէ: Մյուս կողմից ինքնին հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրավիրել այդ խորհրդակցությունը եւ փաստացի ընդհանուր հաշվեկշռում ճանաչել Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը, եթե դա ամենեւին չի նպաստում նրան հեռացնելու քաղաքական ծրագրին: Թե՞ այդ ծրագրով Կարեն Կարապետյանի յուրօրինակ «շնորհակալության» հերթն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր