Դատախազությունն ապօրինի գազալցակայան է հայտնաբերել

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են առանց հատուկ թույլտվության ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնին:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Չնայած ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, սակայն արդեն իսկ արձանագրվել են առանց օրենքով սահմանված կարգով պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվելու և ռեեստրում գրանցվելու, կամ ապօրինի վերասարքավորված, խոտանված, անգամ մեկ ուրիշ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով ավտոմեքենանելով շարժական գազալցակայաններ շահագործելու բազմաթիվ դեպքեր:
Նմանատիպ շարժական գազալցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված վարչական պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ՀՀ ԱԻՆ, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊԵԿ համապատասխան ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: