«Բոմժի ստրատեգիա»… եթե համախմբում լինի՝ հարցը կլուծվի. Լևոն Շիրինյան. տեսանյութ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանն անցում է կատարում ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգին, այլ վարչապետական. «Արմատական տարբերություն կա. ճիշտ է, համակարգի իմաստով նույնն են, բայց սա ծայրահեղ է՝ ավտորիտար իշխանության տեսակ է։ Ասում էին՝ ժողովրդավարություն կլինի, իրենց ճղում էին, որ խորհրդարանական մոդել է անհրաժեշտ, բայց սա պարզապես գործադիր իշխանության այլակերպումն է նախագահականից վարչապետականին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրինյանը։
Լևոն Շիրինյանի խոսքերով՝ միավորվելու դեպքում ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են խափանել իշխանության որոշ ծրագրեր։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կարևոր է ճշգրիտ իմանալ, թե այդ ուժերն ինչքանով են իրենց գործողություններում ու նպատակներում ազնիվ. «Ռազմավարության մեջ տխուր և վատ մի տերմին կա, որն Արևմուտքում օգտագործվում է՝«բոմժի ստրատեգիա», այսինքն՝ երկրում չունենանք երկխոսություն, հարստությունը կուտակենք, իսկ ճնշման պարագայում կփախչենք Արևմուտք ու կապրենք մեր գողացած փողերով։ Սա մեր ժողովրդին հարիր չէ։ Ընդդիմությունը պետք է աշխատի Սահմանադրության շրջանակներում ու փորձի գործարկել Սահմանադրությունը։
Եթե անկեղծ աշխատի ընդդիմությունը՝ կկարողանա կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Հայաստանում կարևոր մի հարց է մնում՝ գործուղվա՞ծ են, թե՞ ոչ։ Հիշում եմ փառապանծ Արտաշես Գեղամյանի պաթետիկ կոչերը։ Հիմա եթե միավորվեն, անշուշտ, կա հաջողելու հնարավորություն։ Եթե համախմբում լինի՝ հարցը կլուծվի»։