Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

17 մայիս 2018 11:07

Եթե նույն նախարարությունն եք պահելու, որտեղ միշտ ասելու են «փող չկա», ավելի լավ է` մի պահեք

Եթե նույն նախարարությունն եք պահելու, որտեղ միշտ ասելու են «փող չկա», ավելի լավ է` մի պահեք   Մշակույթի մասին ենք խոսելու: Ձեզ «Դու»-ով եմ դիմում, որ հարազատ հնչի, երկուսդ էլ իմ երեխաների տարիքին եք: Խոսքս խիստ կլինի, բայց շատ հոգատար: Ես թողնում եմ ասպարեզը, դուք ասպարեզ եք մտնում: Իմ պարտքն եմ համարում եկող սերնդին փոխանցել մշակութային մի չլուծված խնդիր: Հուսամ` ձեր երիտասարդ ավյունով կկարողանաք լուծել այս երբեք չլուծված բարդ խնդիրը, որքան էլ` շատերս համաձայն չենք, որ մշակույթի նախարարը մշակույթի ոլորտից չի: Սակայն հուսադրող մի ժողովրդական միտք կա՝ «գուցե լավն էս ա», տեսնենք՝ կյանքը ցույց կտա: (Վազգենն էլ զինվորական չէր, բայց հայկական բանակը ստեղծեց՝ այսօրվա մեր պարծանքը): 
ԼՍԵՔ ՊԱՏԳԱՄՍ ՈՒ ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՔ: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՆ Է:
ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ, ԸՆԴՀՈՒՊ ԲԱՆԱԿԸ:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՆՉՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ, ԵԹԵ ՈՉ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՆ Է` ՄՇԱԿՈՒՅԹԸ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՏԵՂՈՒՄ ԴՆԵԼ:
ՈՉ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԽՈՐՀՐԴԱՅԻՆԸ , ՈՉ ԷԼ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ: ԱՌԱՋԻՆԸ ՉՀԱՍՑՐԵՑ ՇՈՒՆՉ ՔԱՇԵԼ, ԵՐԿՐՈՐԴԸ ԿՈՄՈՒՆԻԶՄ ՔԱՐՈԶԵՑ, ԵՐՐՈՐԴԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳԶՎՌՏՈՑԻ ԶՈՀ ԴԱՐՁԱՎ: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՈՀՈՒԲՈՀԻ ՄԵՋ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՀԵՐԹ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ.- ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՅՆ ՄՆԱՑ «ՄԵՔԵՆԱՅԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԻՎԸ»:
Իհարկե, արված են շատ մեծ բաներ: Ամենապայծառ մտքեր, արվեստագետներ են աշխատել. Տիտաններ, հանճարներ, տաղանդներ, նվիրյալներ, բացառիկ անհատականություններ ու կոլեկտիվներ, բայց գլխավորը դեռ չեն կարողացել և չեն համարձակվել անել. Վախեցած է մեր մշակույթը. Ապազգային է մեր արվեստը, այսպես կոչված համամարդկային, դա լավ է, բայց տարերային է, անսկզբունք է: Համարձակ չենք: Առաջ կոմունիզմից էինք վախենում, հիմա համաշխարհային դեմոկրատիայից: Թեև իսկապես վախենալու բաներ են:
ՊԱՐԶ ՏԵՍԱՆԵԼԻ Է, ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ-ՊԱՀՊԱՆՈՒՄ-ՊԱՇՏՊԱՆՈՒՄ:
ԻՍԿ ԴԱ ՈՒՂԻՂ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅ ՄԱՐԴ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ:
Սոցիալ, տնտեսական, աշխատանքի, իրավունքի, անվտանգության արժեքները իսկապես համամարդկային են,շատ կարևոր: Այս ` «մարդկային» նախարարությունները հայապահպանության խնդիրը չունեն, նրանց գործն ամեն տեղ նույնն է: Իսկ հայապահպանության խնդիրը ուղիղ վերաբերում է կրթությանն ու մշակույթին: Մեր դեպքում` նաև սփյուռքին:
ՀԱՅԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԳԱԳԱԹԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ Է:
ՄՏՈՎԻ ՄԻ ՊԱՀ ՀԱՆԵՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՆՈՒՅՆ ՊԱՀԻՆ ԱՆԻՄԱՍՏ Է ԴԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ:
Եթե` Հայոց լեզվով Հայ մարդ ենք մեր տեսակով, ինքնությամբ և մեր ամենաբարդագույն դժվարություններով, ապա առանց Հայոց լեզվի միանգամից դառնում ենք անդեմ մարդ, որ ամեն տեղ կմնանք կցորդի կարգավիճակով: Ոչ մենք ենք, ոչ իրենք ենք:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՏԿԱՊԵՍ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՏՈՒՆՆ Է ԵՎ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
ԹՈՂ ԱՇԽԱՐՀԸ «ԱՌԱՋ ՇԱՐԺՎԻ» ԻՐ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅՈՎ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՊԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Դեմոկրատիա ասածը կոմունիզմի պես մի բան է – «անունը կա ամանում չկա»: Թողեք դեմոկրատիան դեմոկրատներին: Պետք է օգտագործել «համաշխարհային», «դեմոկրատական» արժեքները ազգային խնդիր լուծելու համար:
Սովորենք ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՑ, որ ասում էր .
«ԵՍ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ԵՄ ԴԱՐՁԵԼ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԴՈՒՐՍ ԵՍ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ» – ՍԱ ԻՄԱՍՏՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՎԱՏԱՄՔ Է:
Մի էլ թարգմանեք այս տողերը, պետք չի որ «աշխարհն իմանա» այս մասին: Կգոռան աշխարհով մեկ, թե մենք ազգայնամոլ ենք:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔՆ Է, ԱՅԴ ԶԵՆՔՈՎ ԵՆՔ ՀԱՍԵԼ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ ԵՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ: Մնացած ամեն ինչ ածանցյալ արժեքներ են, բանակ, փող, մարդու իրավունք, միջազգային հանրություն: («Դեմոկրատիա»` ի վերջո): Իբր մենք իրենց համար այնքան կարևոր ենք, որ խեղճերը «գիշեր-ցերեկ մեր մասին են մտածում»: «Չէ, մի, պոզեր» – կասեր ժողովրդական ասացվածքը: «Մենք էինք պակասել» , «էլ բան ու գործ չունեն»:
ՈՉ ՈՔ ՄԵՐ ՀՈԳՍԸ ՉԻ ՀՈԳԱԼՈՒ, ԲԱՑԻ ՄԵԶՆԻՑ: ՈՉ ՈՔ «ՄԵՐ ՀԱՎԵՍԸ ՉՈՒՆԻ»:
ԿԱՐՈՂ ԵՆՔ` ԿԱՆԵՆՔ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂ… ԿԳԱՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂՆԵՐԸ ՈՒ ԻՐԵՆՔ ԿԱՆԵՆ:
Հարցադրումները հետևյալն են. Ինչն ենք մենք պաշտպանում Հայաստանում, հայի՞ն, թե՞ մարդուն: Թե՞ հայ մարդուն: Հասկանալի է, որ մեր մեծ պատմության ու ներկայիս ազատության պայմաններում ամեն տեսակի մտքեր գոյություն ունեն, բայց հստակ պետք է կողմնորոշվել աշխարհում լինելիության հիմնական դրույթում, հա՞յ ենք, թե «աշխարհաքաղաքացի»: Որքան էլ «ազատները», «կոսմոպոլիտները», «հնագույներն» ու «նորագույները», «գունավորներն» ու «անգույները» իրենցը պնդեն, Մեր մեծագույն արժեքն այն է, որ մենք ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱ ենք, հայոց ցեղասպանությունները հենց այդ հողի վրա են եղել , բայց դաչի նշանակում թե մենք պետք է փոխվենք, այլ դառնանք ու անունը դնենք «խաղաղ ապրել ու ստեղծագործել»:
Ավելի լավ է ուժեղ լինել ու պահպանել մեր ինքնությունը, քան ոչխարային ապահովության անվան տակ դառնանք այլ՝ ՉԳԻՏԵՄ ՈՎ: Բոլորս հաստատ գիտենք, որ այդ կերպով մենք ոչ մեզ ենք պետք, ոչ էլ ուրիշներին: Մեր միակ ուժը մեր ինքնությունն է, որի տեսանելի բարձրակետը հազարամյակներով հղկված մեր ինքնատիպ մշակույթն է, գագաթը` Հայոց լեզուն: Մշակույթի հիմքը կրթությունն է, արվեստը դպրոց տարեք, շատ արագ, բայց ոչ ներկայիս զվարճանքային ճամարտակությունները: Այլ, նախ` ակադեմիական դասական նվաճման բարձրագույն արժեքները, որից հետո ավանդական արժեքները, որպեսզի Ազգային արժեքները մշակված ու հղկված ներկայանան Արամ Խաչատրյանի, էդգար Հովհաննիսյանի, մեր մեծերի մակարդակներում, Ոչ թե ճշմարտացի գեղջկականությամբ, որ գուցե ճիշտ էր մի հարյուր տարի առաջ, բայց խիստ թանգարանային է մերօրյա կյանքում: Խորհուրդներ հարցրեք, դա միակ ձևն է ձեր դեպքում, դա ակամա պետք է դառնա մշակույթի ոլորտում ձեր գործելակերպը: Սակայն խորհուրդ տվողները շատ են , պետք է կարողանաք ոսկե հատիկը գտնել անվերջանալի խորհուրդների հոսքի մեջ: Չափազանց դժվար է: Բայց կա մեն-միակ ճանապարհ՝ ինքդ պիտի հասկանաս, թե դու ինչ ես փնտրում: Հստակ իմացիր թե ինչ ես ուզում և ամենացեխոտ հեղեղի մեջ էլ կգտնես քո փնտրած գանձը: Մեր արվեստում այդ ճանապարհը կոմիտասական բանաձևն է , այսինքն` աշխարհի արվեստը արվեստով, բայց այդ ամենի մեջ կա զուտ հայկականը, որն անշփոթելի որակ է համաշխարհային շքեղ արվեստի գանձարանում:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԱԶՄԱՎՈՐԵԼ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՂ ՄԵԾ ԲԱՆԱԿ, Սա այնպիսի խնդիր է, որին դեռ հասնել է պետք: Ասածիս հասնելն արդեն դժվար է, ուր մնաց ` ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՆԱԿ: Առանց նեղվելու հարցրեք իմացողներին, իսկապես վաստակաշատ մարդիկ շատ շատ են մեզանում ու բազմագիտակ: Բայց որ չխճճվեք այդ բարդ տիրույթում, պետք է հստակ իմանաք, թե ինչ եք հարցնում: Թե չէ մի պատասխան էլ պիտի գտնես, թե այդ խորհուրդ տվողներից ինչպես ազատվես: Չավելացնեմ խորհուրդ տվողների մեծ բանակը, սա էլ ասեմ ու «գնամ իմ գործին»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ԱՄՆ-ը, օրինակ, կարող է չունենալ մշակույթի նախարարություն, իրենց օրինակը մեզ պետք չի: Օրինակ վերցնելու կարիք բոլորովին չկա, մենք տարբեր ենք, իմաստ չունի տանձի ծառից խնձորի պտուղ ուզել: Ֆրանսիան պարտադիր ունի մշակնախարարություն, մշակույթը գերիշխող դիրք ունի իրենց երկրում: Այդ մոդելի մասին հարցրեք կոմպոզիտոր Արթուր Ահարոնյանին, որ 25 տարի է ապրում, գործում է Փարիզում: Իսկ Ավստրիան, ի դեպ, միակ երկիրն է, որ պետական բյուջեի զգալի մասը ապահովում է արվեստի վաճառքով: Հայաստանը պետք է ունենա մշակույթի նախարարություն, բայց ոչ այն ձևով, ինչպիսին որ կա: Եթե չեք վերափոխվելու և սովորական «շուկայական տնտեսության» ճանապարհով եք գնալու: Եղածը մշակույթի կազմակերպման ֆինանսական գրասենյակ է, որին երբ դիմում ես` ասում են «փող չկա»: Եթե նույն նախարարությունն եք պահելու, որտեղ միշտ ասելու են «փող չկա», ավելի լավ է` մի պահեք: Եթե փող չկա, էդ եղած էլ փողն էլ մի ծախսեք ինքներդ ձեզ պահելու համար, փակեք, գնացեք տուն:
ՎԵՐԱՓՈԽԵՔ ԱՅԴ ԵՂԱԾ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԻՆԸ , ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ:
ՍԱԿԱՅՆ, ՔԱՂՀԱՆ ԱՆԵԼԻՍ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ, ՈՐ ԱՌՈՂՋ ԾԻԼԵՐԸ ՄՈԼԱԽՈՏԻ ՀԵՏ ԴՈՒՐՍ ՉՆԵՏԵՔ. (Ե. ՇՎԱՐՑ «ՎԻՇԱՊԸ»): ԱՅՍՔԱՆՆ ԱՐԵԼ ԵՔ, ՍԱ ԷԼ ՓՈՐՁԵՔ: ՁԵՐ ԱՍԱԾ` «ԴՈՒԽՈՎ», ԻՄ ԱՍԱԾ` ՀԱՄԱՐՁԱԿ:

Սիրով` ռեժիսոր Լեւոն ԻՎԱՆՅԱՆ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր