Մարտահրավերներն անխուսափելի են.Չպետք է թույլ տալ եղած կառույցների տապալումը. Աճեմօղլուն պատրաստվում է գալ Հայաստան. տեսանյութ

Նա սակայն նշում է, որ խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, բայց միայն առաջին քայլն է. «Երկորրդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, սակայն այժմ մենք գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը»,-նշել է Աճեմօղլուն:
Նա համոզմունք է հայտնել, որ գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից. «Սակայն, հիմնական պահանջներն են՝ արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները, և անել այս ամենը ներքին համերաշխության պայմաններում: Եթե հայացք գցենք այս ճանապարհին հաջողության հասած երկրներին, կտեսնենք, որ դրանք բոլորն այրել են նախկին հակասությունները և նոր սկզբի վրա հիմնվել»:
«Ինչու են տապալվում պետությունները» գրքի հեղինակ Աճեմօղլուն նկատում է, որ Հայաստանի համար խոստումնալից է, որ թե երկրի ներսում, թե դրսում միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը: Մարտահրավերները, սակայն, անխուսափելի են: Ստեղծված մթնոլորտում ցանկություն կա բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում»,-ընդգծել է հայտնի տնտեսագետը:
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով պետք է համալրվեն նոր, երիտասարդ մարդկանցով. «Միևնույն ժամանակ, պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»:
Աճեմօղլուն ՀՀ կառավարությունում իրեն չի տեսնում՝ նշելով, որ դա Հայաստանում բնակվող քաղաքացիների գործն է: Խոսքը կամուրջ կառուցելու մասին չէ, որպեսզի դրսից մասնագետ գա կառուցի ու հեռանա: Իր երկիրը պետք է կառուցի Հայաստանի քաղաքացին: Այդուհանդերձ, Աճեմօղլուն Հայաստանին օգնելուց չի հրաժարվում: Նա այժմ ՀՀ բարձր ղեկավարության հետ քննարկում է, թե երբ է հարմար, որ ժամանի Հայաստան որպես մասնագետ, ով կարող է փորձագիտական խորհուրդ տալ բարեփոխումների վերաբերյալ. «Ես ցանկանում եմ ստույգ պատկերացում կազմել, թե Հայաստանի ղեկավարությունը իր առջև ինչ նպատակներ է դնում և ինչ մարտահրավերներ է տեսնում: Երկու անգամ զրուցել եմ վարչապետ Փաշինյանի հետ այդ մասին: Դա ինձ կօգնի նստել ու վերլուծել, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը և կարող եմ արդեն ժամանել Հայաստան ու խորհուրդ տալ»: