Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

04 հուն 2018 20:35

Նախկին մարզպետը տարել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը

Նախկին մարզպետը տարել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը«Լոռու մարզպետարան» ֆեյսբուքի նորաբաց էջը փաստորեն, կգործի նորանշանակ մարզպետ՝ Հրանտ Մագարյանի պաշտոնավարման ընթացքում: Նախկին նույնանուն էջը վերանվանվել է՝ նախկին մարզպետի անվամբ և դարձել՝ Արթուր Նալբանդյան քաղաքացու էջ, ամփոփելով մարզպետարանի 7 տարվա գործունեության տարեգրությունը՝ որպես սեփականություն…
Ինչևէ: Նոր մարզպետ Հրանտ Մարգարյանը ֆեյսբուքի նորաբաց էջում իր առաջին գրառումն է կատարել.
«Գործին ես լծվում եմ մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով
Թանկագին հայրենակիցներ, հարգելի գործընկերներ:
Արդեն տեղյակ եք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ, հունիսի 1-ին նշանակվել եմ Լոռու մարզպետ և նույն օրն իսկ անցել պարտականություններիս կատարմանը:
Խորապես գիտակցում եմ, որ ինձ վստահվել է ծանր և պատասխանատու պարտականություն: Դա նաև պատվավոր առաքելություն է, քանզի, ձեզ հետ միասին ակտիվ մասնակիցն եմ լինելու հարազատ Լոռում ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործին՝ ի բարօրություն մեր ժողովրդի:
Կարող եք չկասկածել, որ ինչպես ժողովրդի միահամուռ կամքով իշխանությունն ստանձնած նոր կառավարության, այնպես էլ՝ տարածքային ղեկավարման մարմին հանդիսացող մարզպետարանի գերագույն նպատակը ժողովրդին ծառայելն է լինելու, կոռուպցիան, ամենաթողությունը, անպատժելիությունը արմատախիլ անելը, սոցիալական արդարությունը, մարդկանց հպարտությունն ու արժանապատվությունը պահպանելը, օրենքների գերակայությունն ապահովելը: Շարունակաբար իրականացնելու ենք ծրագրեր, որոնք օրախնդիր և կենսական են մարզի ոլորտների և ամեն մի ընտանիքի ու համայնքի համար, ողջ հասարակության համար:
Այդ գործին ես լծվում եմ մաքուր խղճով ու մաքուր ձեռքերով, այդ գործին նվիրվելու եմ իմ ողջ ավյունով, փորձով ու գիտելիքներով, գործելու եմ անկաշառ, առավել թափանցիկ ու հաշվետվողական, և նույն պահանջը լինելու է յուրաքանչյուրից և, հատկապես, պետական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներից ու աշխատողներից:
Հարգելի բարեկամներ, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ մեր՝ Լոռու մարզում, արդեն զգացվում է վերափոխումների բարերար ու թարմ շունչը: Միաժամանակ, մարդիկ, հուսավառ կերպով դեռ բազմաթիվ սպասելիքներ ունեն: Բոլորս էլ պատկերացնում ենք, որ մեկ-երկու օրում կամ ամսում, հնարավոր չէ սկսել և ավարտել հիմնարար բազմաթիվ ծրագրեր ու նախատեսումներ: Դրանք կիրականացվեն հաստատակամ, նպատակային և քայլ առ քայլ:
Մեր խնդիրը ոչ միայն ետ չմնալն է, այլև, լոռեցիներիս յուրահատուկ նվիրվածությամբ ու պատվախնդրությամբ այդ երթում առաջին շարքերում լինելը՝ հանուն մեր երկրի հզորացման ու բարգավաճման, հանուն մեր ընտանիքների բարեկեցության:
Ուստի, անչափ կարևոր է, որ իշխանափոխության իրողությամբ ծնված համաժողովրդական ոգևորության ավյունը վերածվի արդար աշխատանքի ու արարման ուժի: Անչափ կարևոր է, որ գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության ու առողջապահության, մշակույթի և, ընդհանրապես, բոլոր ոլորտներում, արհեստավարժներն ու գործարարները, ձեռներեցներն ու նախաձեռնողները, տաղանդավորներն ու շնորհալիները, շարքային քաղաքացիները թոթափեն ինքնապահովագրման ու անվճռականության երկյուղները, թե՝ իրենց գործն ու նախաձեռնումները արհեստական խոչընդոտներ ու անհաղթահարելի պատնեշներ են ունենալու: Յուրաքանչյուր ոք պետք է վստահ լինի, որ արդար աշխատանքով ու արարումով ձեռք բերած իր վաստակը, բացի իրենից, ուրիշ ոչ մի փայատեր չի ունենալու:
Մենք պետք է նվիրվենք մեր գործին ու լծվենք մեր օջախների, մեր համայնքների ու հայրենիքի շենացման գործընթացին՝ առանց դույզն իսկ կասկածելու, որ բյուրոկրատական, շահախնդիր նկրտումներ այսուհետ չեն լինելու: Այս գործում ես ակնկալում եմ բոլորիս միասնականությունը և յուրաքանչյուրիս անհաշտվողականությունը՝ ամեն մի ստվերոտ երևույթի նկատմամբ: Մենք ապացուցելու ենք, որ քաղաքակիրթ ենք ոչ միայն մեր պատմությամբ, այլև ներկայով ու ապագայով, որ արարող ենք առաջին հերթին մե՛ր երկրում ու մե՛ր հայրենիքի հզորացման, բարօրության համար:
Վերականգնելով վստահությունը, մարզում իրական վստահելի դաշտ ստեղծելով՝ գործարարության լայն ասպարեզ կբացվի նաև այլ ներդրողների համար, և լիահույս եմ, որ աստիճանաբար հնարավոր կլինի լուծել մեր կարևորագույն խնդիրներից մեկը՝ նոր աշխատատեղերի ստեղծումը:
Ես վստահ եմ, որ արտագաղթած մեր հայրենակիցները մոտ ապագայում ետ են գալու, նրանք հայրենիքում աշխատելու ձգտում ու հարազատ օջախի կարոտ ունեն, իսկ հայրենիքը ունի նրանց կարիքը:
Հարգելի լոռեցիներ, մեր առջև, իրապես, ահռելի խնդիրներ կան ծառացած: Սակայն ընկրկելու, նահանջելու իրավունք մեզ տրված չէ: Ամենաերկար ճանապարհը կրճատվում է առաջին իսկ քայլերից: Ուստի կատարում ենք այդ քայլը միասին, նպատակադրված, հավատով, կամքով ու մեր արդար, անդուլ աշխատանքով:
Բարին ընդ մեզ:
Հրանտ Մարգարյան
Լոռու մարզպետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր