Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

09 հուն 2018 11:15

Սահմանին դիպուկահարների ակտիվություն է նկատվում. իրավիճակն ինչ-որ փուլում կարող է սրվել

Նախիջևանում տեղի ունեցած գործողությունները, Ադրբեջանի ակտիվությունն անմիջական կապ ունեն Արցախում և հատկապես առաջնագծում տեղի ունեցող զարգացումների հետ: Ավելին՝ վերջին օրերին առաջնագծում բավականին ակտիվ են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք փորձում են առաջնագծի մի շարք ուղղություններով լրացուցիչ լարվածություն մտցնել՝ անկախ այն հանգամանքից, որ հայկական կողմն անընդհատ արդիականացնում է առաջնագիծը և փորձում նվազագույնի հասցնել դիվերսիոն խմբերի ներթափանցումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Վերջինիս խոսքով՝ ակտիվությունն առաջնագծում սկսվել է դեռևս ապրիլի 12-ին, այսինքն՝ Հայաստանի «թավշյա հեղափոխություն»-ից առաջ, իսկ ավելի ուշ Արցախի Պաշտպանության բանակի կողմից հրապարակվեցին տեղեկատվություն ու տեսագրություններ՝ ադրբեջանական զինուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերի վերաբերյալ:

«Ապրիլի 12-ից ցայսօր ադրբեջանական կողմի ակտիվությունը մի շարք դրսևորումներ է ունեցել՝ սկսած զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերից ու ինժեներական ակտիվ աշխատանքներից, որոնք հիմնականում ուղղված էին առաջնագծում ենթակառուցվածքների բարելավմանը, վերջացրած հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվացմամբ:

Հատկապես վերջին օրերին բավականին ակտիվ են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք փորձում են առաջնագծի մի շարք ուղղություններով լրացուցիչ լարվածություն մտցնել՝ անկախ այն հանգամանքից, որ մենք անընդհատ արդիականացնում ենք առաջնագիծը և փորձում են նվազագույնի հասցնել դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավորությունները:

Չի բացառվում, որ առաջիկայում սահմանագծին կտրուկ սրացումներ լինեն»,-ավելացրեց ԱՀ նախագահի խորհրդականը:

Իհարկե, մասշտաբայնության առումով այս պահին նա դժվարանում է ասել, թե հնարավոր սադրանքներ ինչ բնույթ կարող են ունենալ, բայց գոնե իր համար փաստ է, որ այս վերջին 1 ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը հետևողականորեն ակտիվություն է մտցնում առաջնագծում:

Տիգրան Աբրահամյանը մի տրամաբանության մեջ է տեսնում ինչպես մեկ ամիս շարունակ Ադրբեջանի դրսևորած ակտիվությունը, այնպես էլ, որպես դրա դրսևորում, երեկ երեկոյան առաջնագծում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողի վիրավորման փաստը:

«Պատահական չէ, որ ԵԱՀԿ առաքելությունը, որն արդեն այսօր պլանային դիտարկում էր անցկացնում շփման գծում, Ադրբեջանի պատճառով աշխատանքները ձախողել է. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Ի դեպ, երեկվա միջադեպը հենց այդ ուղղությամբ էր գրանցվել»,- նշեց նախագահի խորհրդականը:

«Երեկ՝ ուշ երեկոյան, իրավիճակի լարման հերթական դրսևորումն է եղել՝ ադրբեջանական կողմի արձակած գնդակից հայ զինծառայող է վիրավորվել:

Տիգրան Աբրահամյանը չի կարծում, որ սա պայմանավորված է միայն վերջին մեկ ամսում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ կամ Արցախում կենցաղային հողի վրա առաջացած բողոքի դրսևորումներով՝ համարելով, որ այն ավելի խորքային պատճառներ ունի:

Բայց, մյուս կողմից, Տիգրան Աբրահամյանն ասում է, որ «պարզ տրամաբանությունը վկայում է, որ քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, անմիջական առնչություն են ունենում առաջնագծում տիրող իրավիճակին. սա միայն վերջին իրադարձություններին չի վերաբերում»:

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ եթե հակառակորդը համարում է, որ ներկա իրավիճակի պարագայում հասարակության մեջ կա բևեռեցում, խոր խնդիրներ, որոնք բերելու են հասարակության պառակտմանը, ապա վստահ է, որ նրանց հաշվարկներն այս առումով մոտ չեն իրականությանը:

«Ես կարող եմ ասել, որ այն քայլերն ու փոփոխությունների կուրսը , որը վերցրել է Արցախը և նախագահ Սահակյանը դեռ 2017-ին՝ նախագահի ընտրությունից հետո, նպատակ ունեն նպաստելու հասարակության կոնսոլիդացիային, իշխանության և հասարակության միջև վստահության մակարդակի բարձրացմանը»,- վստահեցրեց ԱՀ նախագահը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցող փոփոխությունների մասին հստակ դարձավ 2017-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Բակո Սահակյանը հանդես եկավ ծրագրային ելույթով և որում իրենց ամրագրումը ստացավ նոր փոփոխությունների գործընթացը:

Նրա խոսքով՝ այս իրողությունների պայմաններում Պաշտպանության բանակն առաջնագծում հստակ իրականացնում է իր խնդիրը, իսկ այն զուտ մարտական գործողություններով կամ մարտերով չի դրսևորվում, այլ նաև քայլերով, որոնք ուղղված են մեր սահմանի անվտանգության ապահովության բարձրացմանը, առաջնագծում անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացմանը, հակառակորդի շարժերի ու դրանց վտանգավորության մեծացման դեպքում՝ նաև նման շարժերի կանխմանը:

Հարցին, թե, այնուամենայնիվ, պատերազմական վիճակում գտնվող պետությունում նման իրադարձությունները թուլացնո՞ւմ են առաջնագիծը, թե՞ ուժեղացնում, Տիգրան Աբրահամյանը հետևյալ պատասխանը տվեց.

«Հասկանալի է, որ հասարակության ակտիվության դրսևորումներն ուղիղ կապ ունեն անվտանգության բաղադրիչի հետ, և եթե գործընթացն առողջ է ու նպաստում է երկրում իրական բարեփոխումներին ու հասարակության կոնսոլիդացիային, ապա բնական է, որ դրական անդրադարձ է ունենում: Կրկնում եմ՝ սա տեղի ունի ազնիվ մղումների դեպքում: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կփորձի, որ առողջ գործընթացն այլ հունով ընթանա, սակայն Արցախում հասարակությունն ուժեղ է իր մղումներում և չեմ կարծում, թե դա թույլ կտրվի»:

Տ. Աբրահամյանի խոսքերով՝ Ադրբեջանը գործում է հիբրիդային պատերազմին հատուկ բոլոր առանձնահատկություններով, գործի դնում առկա իրավիճակում իրավիճակի լարման բոլոր հնարավորությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր